Home / Հայաստան / Ապօրինի ներգաղթյալ հայերը որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիք

Ապօրինի ներգաղթյալ հայերը որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիք

Ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, որոնց բախվում են Թուրքիայում ապօրինի կերպով աշխատող հայաստանցիները, նրանք նաև անմիջապես ուշադրության կենտրոնում են հայտնվում այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները սրվում են:

Թուրքական Today’s Zaman-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել փորձագետ Ալին Օզինյանը, ով հայտնի է իր «Թուրքիայում ներգաղթյալ հայերի վիճակը» հետազոտական աշխատանքով:

Թուրքաբնակ, ծագումով հայ Օզինյանը նշել է, որ Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համար ինքը շարունակում է հետազոտությունները` կապված Հայաստանից Թուրքիա ներգաղթած և պաշտոնական կարգավիճակ չունեցող աշխատողների հետ:

«Ես սկսեցի անցկացնել այս հետազոտությունը` ի շահ հայ ապօրինի ներգաղտյալների խնդիրների լուծման: Ես ցանկանում էի վերհանել այն մարդկանց ողբերգությունը, որոնք  ապրում են Թուրքիայում ապօրինի և ծանր պայմաններում: Թեև մենք ընդգծել էինք, որ իրավիճակը պետք է դիտարկվի  քաղաքականությունից դուրս, դա հնարավոր չեղավ: Լրագրողները դեռևս շարունակում են ինձ հարցնել, թե արդյոք Անկարան կարտաքսի այդ հայերին Թուրքիայից, եթե ԱՄՆ Կոնգրեսում ընդունվի Ցեղասպանության բանաձևը: Խնդիրը դեռևս քաղաքական զարգացումների ճիրաններում է մնում»,-ասում է Օզինյանը:

Նա նշում է, որ Հայաստանից Թուրքիա արտագաղթած ընտանիքների երեխաները շատ հաճախ չեն շարունակում իրենց կրթությունը, իսկ հենց Թուրքիայում ծնված երեխաները չունեն պաշտոնական ծննդյան վկայականներ: Քանի որ Թուրքիայում չկա հայկական հյուպատոսություն, նրանք վերածվում են երեխաների `առանց ազգության և ազգային պատկանելության: Այժմ Ստամբուլում ոչ պաշտոնապես գործող հայկական դպրոց կա, որտեղ մոտ 70 երեխա կրթվում են կամավորական հայ ուսուցիչների կողմից: Օզինյանի խոսքով` այս երեխաները պետք է գոնե հնարավորություն ունենան հաճախել հայ համայնքի դպրոցներ, ինչի իրավունքը նրանք չունեն,քանի որ չունեն պաշտոնական կարգավիճակ:

«Եթե Թուրքիան ցանկանում է, որ այդ մարդիկ մնան իրենց երկրում, նրանք կարող են որոշակի արտոնություններ սամանել Թուրքիայում մի քանի տարի անցկացրած բնակիչների համար: Իսկ եթե Թուրքիան չի ցանկանում տեսնել հայերին իր երկրում , այն պետք է վիզային ռեժիմ սահմանի, և ավելի դժվարացնի հայերի մուտքը իր տարածաշրջան: Սակայն Թուրքիայի կառավարությունը յուրահատուկ մոտեցում ունի խնդրի նկատմամբ: Անկարայի համար անօրինական կերպով իրենց երկրում գտնվողներին չարտաքսելու հանգամանքը գեղեցիկ ժեստ է, բարի կամքի դրսևորում: Այս հայերը, կարծես, վերածվել են Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքը: Այն փաստը,  որ խնդիրը վերաբերում է մարդկային կյանքերին, չի էլ քննարկվում»,- ասում է Օզինյանը:

Նա ընդգծում է, որ Թուրքիայում ապրող հայերի թիվը ուռճացված է Թուրքիայի կառավարության կողմից, որը պայմանավորված է կամ տեղեկատվության բացակայությամբ կամ տվյալների սխալ մեկնաբանությամբ: Պաշտոնական տվյալների համաձայն` 2000-2008 թվականների ընթացքում Թուրքիա մեկնած 6000 հայեր չեն վերադարձել հայրենիք: Երբ 1990-ականների տվյալները գումարվում է վերջին տվյլաներին, ստացվում է, որ ապօրինի կերպով Թուրքիայում բնակվող հայերի թիվը կազմում է ոչ թե 70000-100000 է, ինչպես նշվում է, այլ 8000-10000:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ կառավարությունը աչքաթող է անում Թուրքիայում ապօրինի կերպով բնակվող 100 հազար հայերի հանգամանքը: Իրականում սա Թուրքիայում բնակվող բոլոր հայերի թիվն է, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայերի», – նշում է փորձագետը:

Լուսանկարը` Armenian Mirror-Spectator