Գլխավոր / Հայաստան / ԼՂՀ-ն կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել պետական շանտաժից

ԼՂՀ-ն կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել պետական շանտաժից

Վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը: Այս մասին ասված է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարությունը:

«ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում», – ասված է հայտարարության մեջ:

ԼՂՀ ԱԳՆ-ն նշում է, որ երկրում ամեն տարի արձանագրվում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է «ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ և աճող հետաքրքրության մասին»:

«Ցավոք, ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի և այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական և բարոյական նորմերի ժամանակակից համակարգին», – նշում են հայտարարության հեղինակները:

ԼՂՀ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից և իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները:

Tekali Taxi