Home / Հայաստան / Իրանի ընդդիմությունը սկսել է մտածել ցույցերի մասին

Իրանի ընդդիմությունը սկսել է մտածել ցույցերի մասին

Իրանական ընդդիմադիր գործիչներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քյարուբին կոչ են արել իշխանություններին թույլ տալ Իրանում փողոցային ցույցեր անցկացնել` նշելով, որ անգամ Եգիպտոսում մարդիկ կարողանում են փողոց դուրս գալ, հաղորդում է RFE/RL ռադիոկայանը:

«Անկախ ճնշումներից և բռնություններից Եգիպտոսում ցուցարարները թույլտվություն են ստացել ցույց կազմակերպելու` ցույց տալու համար, թե որ ուժն է ավելի հզոր: Մենք վստահ ենք, որ եթե Իրանում ընդդիմադիրները թույլտվություն ստանան բողոքի ցույց կազմակերպել, պարզ կդառնա, թե քաղաքական որ ուժն ավելի մեծ աջակցություն ունի երկրում», – իրանական Kaleme կայքը մեջբերում է երկու ընդդիմադիրների հայտարարությունները հունվարի 31-ին կայացած իրենց հանդիպման ժամանակ: Ընդդիմադիր գործիչները գովեստի խոսքեր են ասել եգիպտացիների հասցեին, և հավելել, որ «բռնապետությունները վաղ թե ուշ կտապալվեն»:

Մուսավիի գլխավոր օգնական Արդեշիր Ամիր Արջումանը, ով ներկայումս գտնվում է Եվրոպայում, ասել է, որ Իրանի իշխանությունները պետք է թույլ տան ընդդիմադիրներին 1979 թվականին տեղի ունեցած հեղափոխության հոբելյանին նվիրված խաղաղ ցույցեր անցկացնել: «Սրանով պարզ կդառնա, արդյոք իրանական իշխանություններն ավելի բարենպաստ վիճակում են, քան Մուբարաքը` Եգիպտոսում, և Բեն Ալին` Թունիսում, թե ոչ», – ասել է Արջումանը:

Նա նշել է նաև, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն որոշել իր սեփական ապագան` ժողովրդավարական խորհրդարան ստեղծելով: Մեկ այլ հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ եթե կառավարությունն ուժ չգործադրի, միլիոնավոր մարդիկ դուրս կգան ցույցի:

Հիշեցնենք, որ Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո Մուսավիի տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս էին եկել փողոց: Իրանի իշխանություններին հաջողվեց ճնշել ընդդիմադիր ցույցերը` օգտագործելով Իրանի բանակի ուժերը:

Tekali Taxi