Home / Հայաստան / Վրացական մեքենաների համար ԱՊՊԱ-ի խնդիրը նվազագույնի կհասցվի. Սարգսյան

Վրացական մեքենաների համար ԱՊՊԱ-ի խնդիրը նվազագույնի կհասցվի. Սարգսյան

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության խնդիրները, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, թե ինչպես են կողմերը շարունակելու աշխատանքներն ապագայում։ Այս մասին երկու վարչապետների համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ քննարկված հարցերի շարքում միասնական մաքսային ծառայության ստեղծման և ճանապարհաշինարարության, մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներն են։

«Վրաստանում ընդունվել են նոր օրենքներ, որոնք սահմանում են նոր ռեժիմներ, և, բնականաբար, մեր գերատեսչությունները համատեղ պետք է աշխատեն այս բնագավառներում։ Մենք քննարկել ենք տնտեսական ու սոցիալական խնդիրներ, և թե ինչպես են մեր գործընկերները Վրաստանում պայքարում գնաճի դեմ, և բնականաբար, պատմել ենք` ինչ միջոցառումներ ենք ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար», – ասել է ՀՀ վարչապետը։

Ասուլիսի ընթացքում Նիկոլոզ Գիլաուրին ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի թվում են եղել նաև խնդրահարույց հարցեր, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում։

Խոսելով հայ-վրացական սահմանի հետ կապված խնդրահարույց հարցերի մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ սահմանը հատելիս առկա է, մասնավորապես, ԱՊՊԱ-ի խնդիրը.

«2011թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 3-րդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրությունը։ Դա նշանակում է, որ եթե վրացական մեքենաները հատում են սահմանը, պարտավոր են ձեռք բերել ապահովագրական պոլիս հենց սահմանի վրա։ Վրացական կողմը հունվարի 1-ից ուժի մեջ է դրել նոր օրենսդրություն, որը ենթադրում է, որ ճանապարհների պահպանման նպատակով բեռնատար մեքենաների համար, որոնք այդ պահի դրությամբ բեռ ունեն, պետք է իրականացվեն վճարումներ սահմանի վրա։ Մենք վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ այս գործառույթներն այնպես պետք է կազմակերպենք, որպեսզի մեր տնտեսվարողների ու քաղաքացիների անհարմարությունները հասցվեն նվազագույնի և պայմանավորվել ենք, որ ֆինանսական ծախսատարությունը պահպանենք երկկողմանի։ Դրա համար հանձնարարականներ ենք տվել մեր նախարարներին, որպեսզի նրանք միասին աշխատեն և ներկայացնեն համապատասխան առաջարկություններ», – նշել է Սարգսյանը։

Գիլաուրիի խոսքով` խնդիրներ գոյություն ունեն նաև սահմանի ընդհանուր վարման հետ կապված:

«Ես ուզում եմ ասել, որ այդ հարցը բաղկացած է մի քանի մասից. դրանում քաղաքական համաձայնություն կա, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մեր աշխատանքային խմբերն աշխատում են այդ ուղղությամբ։ Անցած տարի հունիսի 1-ից մենք արդեն ունենք Թուրքիայի հետ սահմանի վարման փորձառություն և հույս ունենք կարգավորել այն Հայաստանի ու Վրաստանի միջև»,- նշել է Գիլաուրին։

Tekali Taxi