Հրմշտոց և հայհոյանքներ. ոստիկանները խոչընդոտում են ակցիայի անցկացմանը
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող քաղաքացիները: Մինչև ակցիայի մեկնարկը տվյալ տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, ովքեր թույլ չեն տվել հավաքվող մարդկանց մոտենալ Կառավարության շենքի կենտրոնական մուտքին: Բողոքի ակցիայի մասնակից մոտ 20 կանանց շրջապատել են նրանց թիվը գրեթե երկու անգամ գերազանցող ոստիկաններ և սկսել են կոպիտ հրել նրանց:
Կանանցից մեկի հասցեին ոստիկանները սեռական բնույթի հայհոյանք են ուղղել: Կինը սկսել է լաց լինել, իսկ մյուս կին առևտրականները սկսել են հանգստացնել նրան` ասելով. «Էդ իրանց կանայք ու քրերն են»:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի լրագրողը, բողոքողները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմացի մայթին, նրանց հետ են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը: Ոստիկանները նրանց նույնպես կոպիտ ձևով հրում են` թույլ չտալով առաջ շարժվել: