հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀ նախագահին բողոքել են մարտի 8-ին ծաղիկ չստանալու համար

ՀՀ նախագահին բողոքել են մարտի 8-ին ծաղիկ չստանալու համար

Epress.am-ը էլեկտրոնային փոստով բաց նամակ է ստացել` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի հեղինակները ներկայանում են որպես «Հանրային ռադիոյի նվիրյալ աշխատակիցներ»:

Նամակի սկզբում հեղինակները բացատրում են, որ ռադիոն միակ հաստատությունն է, «որտեղ հավաքվել են գրագետ, արհեստավարժ մարդիկ»:

«Մենք չգիտենք` ինչու ենք մենք արժանացել այս քամահրանքին իշխանությունների կողմից. Հայաստանում, երևի, ամենացածր աշխատավարձը ստանում են ռադիոյի աշխատակիցները: Դուք գիտեք, ինչպես  կարող է 35 000 դրամ ստացող մարդը ապրել, մտավորական մարդը… Դժվար է պատկերացնել», – բողոքում են հեղինակներն ու նշում, որ «եթե Ալիկ Հարությունյանը ցանկանա, ապա ռադիոյի աշխատակիցները իրենց կզգան մարդ»:

Այնուհետև նամակի հեղինակները ներկայացնում են այն թշվառ պայմանները, որոնցում աշխատում են, ու հրավիրում են ՀՀ նախագահին այցելել իրենց. «Այցելեք մի օր մեզ և տեսեք մեր աշխատասենյակները, տեսեք մեր աթոռները»:

«Սովորական թուղթը, որը անհրաժեշտ է աշխատանքի համար, ստանում ենք դժվարությամբ, գրիչները բերում ենք տներից, էլ ուր մնաց խոսենք համակարգչի ունենալուց կամ չունենալուց», – բողոքում են Հանրային ռադիոյի աշխատակից ներկայացած անձինք, որից հետո արձանագրում են «մի սովորական դեպք»:

«Ամեն տարի մարտի 8-ին կանանց նվիրում էին ծաղիկներ, կարևոր չէ, թե ինչ էր և ում էր հասնում այդ ծաղիկը, կարևորը վերաբերմունքն էր: Այս տարի որևէ մեկը չհիշեց այդ մասին:  Միթե հնարավոր չէր գեղեցիկ կազմակերպել, գոնե խրախուսել մարդկանց, միթե ուշադրության արժանի չեն աշխատակիցները»,- ՀՀ նախագահին հարց են ուղղում նամակի հեղինակները:

«Հարգարժան Նախագահ, կարծում ենք` Դուք իսկապես հասկանում եք պահի լրջությունը, կարծում ենք` Դուք միջամտելու եք և Ձեր հսկողության տակ եք վերցնելու այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղվում են չգիտենք, թե ուր: Հայաստանի Հանրային ռադիոն կարևոր օղակ է, տեղեկատվական կարևոր համակարգ, թույլ մի տվեք, որ մենք սոցիալապես անապահով խավը դառնանք: Մենք սիրում ենք ռադիոն, սիրում ենք մեր գործը», – եզրափակում են նրանք: