Home / Հայաստան / Ցուկերբերգը Չինաստան ներթափանցելու միջոց է գտել

Ցուկերբերգը Չինաստան ներթափանցելու միջոց է գտել

Facebook սոցիալական ցանցը շուտով առանձին նախագիծ կիրականացնի Չինաստանում: Ինչպես գրում է Sohu.com-ը` հղում կատարելով Չինաստանի խոշորագույն Baidu որոնողական կայքի աղբյուրներին, սոցիալական կայքի ղեկավարությունը պայմանավորվել է համագործակցել չինական կայքի հետ: Baidu-ի և Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Համաձայնությունը ստորագրվել է Մարկ Ցուկերբերգի չինաստանյան այցելության արդյունքում: Այցելությունը կայացել էր 2010 թվականի դեկտեմբերին:

Միաժամանակ պետք է նշել, որ չինական ծառայությունը կապված չի լինի Facebook.com կայքի հետ, որն արգելված է երկրում: Նոր ծրագրի մեկնարկի մասին ժամկետներ չեն նշվում:

Ներկայումս Չինաստանում արգելափակված են արևմտյան այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսին են Twitter-ը կամ Youtube-ը: 2010 թվականին իր գործունեության չափերը Չինաստանում էապես նվազեցրել է Google-ը, որը որոշում է կայացրել հրաժարվել իր կայքի գրաքննությունից: Այս որոշումը քննադատվել է Չինաստանի իշխանությունների կողմից, որոնք մեղադրել են ամերիկյան ընկերությանը երկրի օրենքները խախտելու մեջ:

Tekali Taxi