Home / Հայաստան / Մխիթարյանի թիմը դուրս մնաց պայքարից. անգլիացիներից ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդը»

Մխիթարյանի թիմը դուրս մնաց պայքարից. անգլիացիներից ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդը»

Ապրիլի 12-ին կայացան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները Շախտյոր-Բարսելոնա և Մանչեսթեր Յունայթեդ – Չելսի զույգերում:

Անգլիական ակումբների հակամարտությունում կրկին ավելի ուժեղ գտնվեց «Յունայթեդը», որը առաջին խաղում մրցակցին պարտության էր մատնել 1:0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ հաղթեց 2:1: 43-րդ րոպեին բրիտանական ֆուտբոլի վետերան Ռայան Գիգզի փոխանցումից հետո Խավիեր Էրնդանդեսն առաջ մղեց դաշտի տերերին: Երկրորդ կեսում «Չելսիի» կազմում հեռացվեց Ռամիրեսը, սակայն 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դիդյե Դրոգբան հավասարեցրեց հաշիվը: Սակայն արդեն մեկ րոպե անց Գիգզը ևս մեկ հիանալի փոխանցում կատարեց՝ այս անգամ կորեացի Ջի-Սուն Պարկին, ով չվրիպեց մոտ տարածությունից:

Դոնեցկում Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Շախտյորը», 0:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 5:1 հաշվով հօգուտ կատալոնյան ակումբի:

Երկրորդ հանդիպման միակ գնդակը խփեց Լիոնել Մեսսին: Հենրիխ Մխիթարյանը, խաղադաշտում անցկացնելով 90 րոպե, նույնպես կարող էր աչքի ընկնել: Երկրորդ խաղակեսում նա լավ դիրքում գնդակ ստացավ և ուժեղ հարվածով այն ուղարկեց դարպասաձողի տակ, սակայն «Բարսայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարողացավ հետ մղել գնդակը: Մխիթարյանը աչքի ընկավ ևս մեկ դրվագում, երբ անցում կատարեց աջ եզրով ու գերազանց փոխանցում կատարեց տուգանային հրապարակ բոլիվիացի Մորենոյին, ով մոտ տարածությունից չկարողացավ գրավել հյուրերի դարպասի անպաշտպան անկյունը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նաև դեղին քարտի արժանացավ:

Նշենք, որ ապրիլի 13-ին կկայանն քառորդ եզրափակչի ևս երկու պատասխան հանդիպումներ՝ Շալկե 04 – Ինտեր (առաջին խաղը՝ 5:2) և Տոտենհեմ – Ռեալ (առաջին խաղը՝ 0:4):

Tekali Taxi