Home / Հայաստան / Սարգիս Հացպանյանը Կոնգրեսից օգնություն է խնդրում

Սարգիս Հացպանյանը Կոնգրեսից օգնություն է խնդրում

«Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների պատասխանատու մարմիններին դիմել է նամակով, որում ասված է.

«Ստորագրյալս՝ ինչպես թևավոր խոսքում է ասվում «20 փետրվար.2008թ. տնից դուրս եմ եկել ու չեմ վերադարձել»։ Ազատության հրապարակում իմ վրանում անցկացրած օրերից՝ 23.փետրվար.2008թ. ՀՀ Ոստիկանապետի կողմից իմ ձերբակալման որոշման պահից սկսած ոդիսականը, այժմ «Վարդաշեն» բանտում մինչ օրս շարունակվում է։

2008թ. մարտի 1-ից ժամեր անց ինձ ամեն տեղ փնտրող ՀՀ Ոստիկանության կողմից դատարան ներկայացված բազմաթիվ հայցերից, անհասկանալիորեն, միայն իմ մասով եղածն է քննարկվել և դատավճիռ կայացվել, երբ մնացած բոլոր հայցերից ոստիկանությունն ինքն է կամովին հրաժարվել։

2008թ. մարտի 6-ին ՀՀ Ոստիկանապետի կողմից Ռ. Քոչարյանին ներկայացված անհեթեթ մի տեղեկագրով, «ՀՀ պետական անվտանգության սպառնացող անձիս», վերջինս իր ն-38 համարի անհատական հրամանով 10.մարտ.2008թ. Հայաստան ապրելու իրավունքից զրկել ու 5 օրյա ժամկետում արտաքսելու որոշում է կայացրել։

Այսինքն՝ ընդամենը 17 օրերի ընթացքում այդ հարյուր հազարների մասնակցած համաժողովրդական շարժման անդամներից մեկը հանդիսացածիս դեմ ահա այսպիսի վրեժխնդիր գործողություններ իրականացվելու շղթան հետո ևս իմ «սարքված գործի» արդյունքում կալանավորվել, դատապարտվելովս շարունակվել է։ Ես 2008թ. մարտի 1-ից հետո բանտերում հայտնված 149 բախտակիցներից երևի թե միակն եմ, ում պատժաժամկետի մինչև վերջին օրն էլ ամեն գնով բանտում պահելու են…։

Այս ամենը Ձեզ ասում եմ միայն մեկ նպատակով, որպեսզի հասկանալի լինի այն պարզ ճշմարտությունը, ըստ որի եթե իմ քաղաքական բանտարկյալ ընկերները ազատ արձակվելուց հետո իրենց տներն են գնալու, ես՝ Հայաստանից արտաքսվելու որոշմամբ շարունակելու եմ պատանդի կարգավիճակով ապրել։

Ուղիղ 21 տարի է Հայաստան եմ ապրում և ՀՀ քաղաքացի հանդիսացող տիկնոջ ու երեխաներիս հետ ոչ մի դեպքում իմ Հայրենիքը լքել չեմ պատրաստվում։ Սակայն չունենալով կացությունս ապահովող իրավական կարգավիճակ, չեմ էլ պատրաստվում ինչ-որ մեկի քմահաճույքով պատանդի կարգավիճակ ձեռք բերել։ Իմ բանտում եղած ժամանակ մահացած հորս շիրիմը և հիվանդ մորս այցելելու հնարավորությունից զրկված լինելով ապրելուն ինձ ստիպողների մարդկային կերպարը քննարկել կամ իրողության ինչ-ինչ բանավոր գնահատականներ տալով չէ, որ ես իմ Հայաստանում մշտապես ապրելու իրավունքն եմ վերականգնելու, այլև այդ իրավունքի ձեռք բերման համար պայքարելով և այդ հաջող ավարտին հասցնելով միայն։

ԵՎ քանի որ 2008թ. փետրվարյան համաժողովրդական շարժման իբրև ակտիվ մասնակից, բացի ինձնից և ոչ-ոք նման աբսուրդ վիճակում չի հայտնվել, ապա 3,5 տարի ամենածանր և ոչ մարդկային տառապանքների միջով պատվով անցնելուց հետո, ինչպես մեր սքանչելի ժողովուրդն է սիրում ասել, «կոտրած տաշտակի առաջ կանգնած» չլինելու համար, հիմա հենց Ձեր զորակցության կարիքն եմ զգում։

Եթե կարող եք իմ այս անօգնական վիճակից դուրս գալու գործում կոնկրետ քայլերով ինձ աջակցել, ապա հավատացած եղեք, որ համաժողովրդական շարժման իր առաջ դրած խնդիրների շարքում երևի թե ամենապատվավոր տեղն զբաղեցնող «ազատություն, հավասարություն և եղբայրություն» կարգախոսն իրոք գործի վերածելն էլ միասնաբար կհաջողցնենք։ Չեմ կասկածում…»։

Նամակը Epress.am-ին է տրամադրել Պահպանողական կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանը:

Լուսանկարը` azatutyun.am

Tekali Taxi