Home / Հայաստան / ՀԱԿ-ի անդամներին խնդրում են մարտի 1-ի գործով հավելյալ տեղեկատվություն տրամադրել

ՀԱԿ-ի անդամներին խնդրում են մարտի 1-ի գործով հավելյալ տեղեկատվություն տրամադրել

Երկու օր առաջ Աբովյան քաղաքում սկսվել է 2008 թվականի մարտի մեկի դեպքերի առնչությամբ վկայություն տված Հայ Ազգային Կոնգրեսի Աբովյան ակտիվիստների` ոստիկանական բաժանմունքներ հրավիրելու գործընթացը:

Epress.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

«Մեր տղաներին, որոնք ժամանակին «Մարտի 1-ի» գործով որպես վկա են անցել, հրավիրում են ոստիկանություն, և նրանց խնդրում են հավելյալ տեղեկատվություն հաղորդել մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, եթե նրանք ունեն այդպիսիք»,- ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ տեղի ունեցածը Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի գործերի բացահայտմանն ուղղված հավաստիացման գործողություններն  են:

«Դեռևս 5 հոգի են հրավիրել բաժանմունք, բայց ենթադրում եմ, որ դեռ մի 10 հոգու էլ կկանչեն: Բայց ասեմ, որ ամեն ինչ շատ կոռեկտ է արվում. մարդկանց նորմալ հրավիրում և խնդրում են ինֆորմացիա տրամադրել, եթե նրանք ունեն հավելյալ ասելիք», – նշել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության էր հրավիրել դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին: Իր խոսքում Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.

«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները  շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիր­ներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներից: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և´ մեր պետության, և´ մեր հասարակության, և´ նաև տարբեր շահար­կումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:

Tekali Taxi