Home / Հայաստան / Քոչարյանի թիմում իմ հայտնվելը ֆանտաստիկայի ոլորտից է. ՀԱԿ-ի նախկին անդամ

Քոչարյանի թիմում իմ հայտնվելը ֆանտաստիկայի ոլորտից է. ՀԱԿ-ի նախկին անդամ

Այսօրվա խղճուկ քաղաքական դիսկուրսը լի է մեծ քաղաքական բամբասանքներով, տարբեր խարդավանքներով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ, «Առցանց Ազատականների Ալյանսի» նախաձեռնող Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով` այս վիճակում քաղաքական դաշտում փնտրտուք կա:

«Կոնգրեսից դուրս բոլոր ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև, հնարավոր է, Կոնգրեսի ներսի ուժերի մոտ տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, որոնց ես էլ եմ մասնակցել, որտեղ որևէ գաղտնիք չկա»,- ասել է Ռուբինյանը:

Նա հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ եղած տարաբնույթ խոսակցությունները և հայտարարել.

«Իմ դեպքում բացառվում է, որ հանկարծ ես կարող է հայտնվեմ մի թիմում, որը պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին: Դա ծայրաստիճան ֆանտաստիկայի ոլորտից է»:

Կարապետ Ռուբինյանն իր տեսակետն է հայտնել ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերավերյալ և ասել, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ երկխոսությանը:

Նրա խոսքով` Համազգային շարժումը կրում էր բավական ռադիկալ և գրագետ բնույթ` կիրառելով քաղաքացիական անհնազանդության մեթոդներ:

«2008 թվականին` մինչև մարտի 1-ը, անթերի պայքար էր ընթանում, որը պիտի բերեր իշխանությունների հրաժարականին: Սակայն իշխանություններն անցան մարդկայնության բոլոր սահմանները` կրակեցին քաղաքացիների վրա, զանգվածային հալածանքներ սկսվեցին», – ասել է Ռուբինյանը:

Նրա կարծիքով` վերը նշված իրադարձություններից հետո ՀԱԿ-ը պետք է վերականգներ իր ուժերը, վերսկսեր պայքարը նույն ոգով:

«Սակայն այս տարվա մարտի 1-ից նկատեցինք, որ ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան. Կոնգրեսի կուրսի կտրուկ փոփոխությունը և այն հայտարարությունը, որ ընտրվել է խաղաղ, անցնցում ճանապարհը, ինձ էլ զարմացրեց»,- նշել է բանախոսը:

Ռուբինյանի խոսքով` ինքը կհամաձայներ այդ մարտավարությանը, «եթե երկիրը օր առ օր տանուլ չտայինք»:

«Էս ռեժիմի գոյության ավելորդ մեկ օր, ավելորդ մեկ ամիս պարզապես կործանում է մեզ, որովհետև մենք մրցակցության մեջ ենք մեր հարևան երկրների հետ, և այս պայմաններում խայտառակ ձևով տանուլ ենք տալիս այդ մրցակցությունը»:

Թեև, ըստ Ռուբինյանի, լավ է, որ այլևս չեն լինի քաղբանտարկյալներ, սակայն հայտարարված լիցքաթափված իրավիճակ ունենալը երկիրը փրկելու միջոց չէ:

«Էապես լիցքաթափված իրավիճակում ինչի՞ պիտի ռեժիմը սկսի բանակցել իր հրաժարականի մասին, դա չեմ հասկանում: Ուրեմն, տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով հանգեցնելու է հերթական խորհրդարանական ընտրություններին»:

Ռուբինյանը կարծում է, որ եթե խորհրդարանում ՀԱԿ-ը տեղեր ունենա, ինչ-որ չափով կբարձրանա խորհրդարանի մակարդակը Հայաստանում.

«Բայց մեր երկրին է՞դ է պետք, մեզ պետք են խորը, ռադիկալ բարեփոխումներ բոլոր ոլորտներում, ազատականացնել տնտեսությունը, ազատվել օլիգարխներից: Էս զարգացումները բերելո՞ւ են դրան: Ես կարծում եմ, որ չեն բերելու»:

Tekali Taxi