Home / Հայաստան / Երևանում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն կբացվի

Երևանում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն կբացվի

Երևանում ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելուն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի`  Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ջոն Քրիստոֆը քաղաքապետին է ներկայացրել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները շեշտելով, որ Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնն այսօր լավագույններից մեկն է ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական ողջ տարածաշրջանում։ Հայաստանում իրենց կենտրոնն ունենալու գաղափարին, ինչպես նշել է Ջոն Քրիստոֆը, նպաստել է նաև փաստը, որ Գերմանիայում իրենց դիմող հիվանդների թվում քիչ չեն հայաստանցիները. «Շատ ավելի ճիշտ ու արդյունավետ է բուժումը տեղում կազմակերպելը»,- նշել է պրոֆեսորը` ավելացնելով, որ Երևանում ստեղծվելիք կենտրոնը ոչնչով չի զիջի Հայդելբերգի կլինիկային։

Ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման երեք փուլից բաղկացած ծրագիրը, նախապատրաստական և բիզնես բաղադրիչներից բացի,  նախատեսում է նաև հայ մասնագետների վերապատրաստում Գերմանիայում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi