Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի համար անընդունելի է, երբ ձեռներեցները խուսափում են հարկերից

Սերժ Սարգսյանի համար անընդունելի է, երբ ձեռներեցները խուսափում են հարկերից

«Չնայած արտաքին տնտեսական բացասական ազդակներին, փակ սահմաններին, աշխարհաքաղաքական, սոցիալական և կառուցվածքային խնդիրներին, մեր տնտեսությունն ունի իր զարգացման տեմպերով աշխարհի առաջատար երկրների մեջ լինելու իրական հնարավորություն: Նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական աճի շարունակական երկնիշ մակարդակը լավագույն վկայությունն է այն բանի, որ պարբերական համաշխարհային ճգնաժամերի միջև ընկած ժամանակահատվածում երկիրը, իրականացնելով նպատակային տնտեսական քաղաքականություն, ունենալով տնտեսական վերելքի հստակ նպատակադրում և հետևողական առաջնորդություն, կարող է հասնել աննախադեպ արդյունքների», – այսօր Հայաստանի առևտրարադյունաբերական պալատի (ԱԱՊ) 4-րդ համագումարին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` վերջին տնտեսական ճգնաժամից Հայաստանը դուրս եկավ հնարավորին չափ նվազ սոցիալական հետևանքներով:

«Այսօր արդեն ունենք նոր մարտահրավերներ, որ պետք է դիմագրավենք, և ունենք կորցրածը վերականգնելու ու զարգացման տեմպերն ավելացնելու հստակ խնդիր: Ահա հենց այստեղ է, որ մեր բոլորի ջանքերը պետք է համադրվեն», – ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` անընդունելի են այն երևույթները, երբ ձեռներեցը երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար. «Հատկապես անհասկանալի է նման վարքը մեծ տնտեսավարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն»:

«Չվճարված հարկերը մեր կրթության ու առողջապահության բնագավառից գողացված գումարներ են, հետևաբար և` հարված մեր ժողովրդի ապագային: Ի վերջո, պետք է գիտակցել, որ երկարաժամկետ առումով դա հարված է հենց այդ ձեռնարկությունների ապագային: Այդ իսկ պատճառով նման երևույթների դեմ պայքարում, կարծում եմ, մեր գործարարները պետք է լինեն կառավարության կողքին», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi