Home / Հայաստան / Բեռնափոխադրողները տասնյակ միլիոններ կվճարեն գների անհիմն բարձրացման համար

Բեռնափոխադրողները տասնյակ միլիոններ կվճարեն գների անհիմն բարձրացման համար

Մայիսի 27-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվել է օրենքի խախտման, մասնավորապես,  հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերությունների հանդեպ կիրառել տուգանք:

Հանձնաժողովի որոշմամբ՝ «Չորս ընկեր» ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն  դրամ, «ՍՕՀՕ» ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը» կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, իսկ «Նանիս» ընկերության տուգանքի չափը կկազմի մոտ 5 միլիոն դրամ:

Վերոնշյալ ընկերություններից բացի, այս ոլորտում գործող այլ տնտեսվարողներ չկան: Հանձնաժողովի ուսումնասիություններով, նշվածներից ներկրման և իրացման ծավալներով խոշորը հանդիսանում է «Չորս ընկեր» ընկերությունը: Որոշման համաձայն, տնտեսվարողները պետք է տասնօրյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնեն տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն:

Հանձնաժողովն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ, համաձայն մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, որի պատճառով էլ առևտրականները ցույցեր էին կազմակերպել:  Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար:

ՊԵԿ-ն այս առնչությամբ պաշտոնապես հավաստիացրել է, որ Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց գանձվող մաքսավճարների չափի փոփոխություն չի եղել:

Հանձնաժողովը շուկայում գործող 4 տնտեսվարողներից պահանջել է հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ: Վերջիններիս կողմից Հանձնաժողովին ներկայացված հայտարարության մեջ նշված է, որ միջնորդավճարի բարձրացման պատճառն այն է, որ թանկացել է Թուրքիայում գտնվող պահեստի վարձավճարը, Թուրքիայում գտնվող ընկերությունների աշխատակիցների սոցապահովության վճարների չափը, Ստամբուլում գտնվող պահեստների վարձակալության գինը: Նրանք նշում են նաև, որ  բեռի տեղափոխման ժամանակ Վրաստանում առաջացել են չնախատեսված մեծ ծախսեր, որը ևս անդրադարձել է միջնորդավճարի բարձրացման վրա:

Այսինքն, ըստ տնտեսվարողների, գների բարձրացումը կապված է ծախսերի ավելացման հետ և մաքսազերծման գների փոփոխություն չի եղել:

Հարկ է նշել, որ թեև Հանձնաժողովը պահանջել է, սակայն նշված 4 ընկերություններից և ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեին նրանց կողմից բերված պատճառաբանություններից գոնե մեկը:

Tekali Taxi