Home / Հայաստան / Հարկման դաշտ բերել ստվերը. Սերժ Սարգսյանը հանդիպել է ՊԵԿ ղեկավարների հետ

Հարկման դաշտ բերել ստվերը. Սերժ Սարգսյանը հանդիպել է ՊԵԿ ղեկավարների հետ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը Հանրապետության ղեկավարին ներկայացրել են  ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպում ինքը նախաձեռնել է, որպեսզի «միասին ամփոփենք, թե պետեկամուտների կոմիտեի աշխատանք­նե­րում նախատեսվող փոփոխությունների մեր նպատակադրումներում որտե՞ղ ենք հասել, որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ի՞նչ խնդիրներ ունենք այս փուլում լուծելու, որպեսզի փոփոխությունների ընթացքն արագացնենք»:

«Ձեր առջև իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթևացնել վարչարարության բեռը մեր գործա­րար­ների համար, բիզնեսի համար, այլև այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի և այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որևէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջև ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից թեթևացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համա­կարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտ­ների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի», – մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ այդ խնդիրն իրականացնելու համար ինքն անձամբ պատրաստ է աջակցել ՊԵԿ աշխատակիցների ջանքերին:

«Ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, և, իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք: Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային և մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, և այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել:  Միևնույն ժամանակ մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ: Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկ­ման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի: Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչու­թյան գործունեության տրամա­բանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակար­գերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենա­կարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում», – նշել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi