Home / Հայաստան / Հայաստանը պատրաստ է խաղաղության, Ադրբեջանը՝ ոչ, համոզված է ՀՀԿ խոսնակը

Հայաստանը պատրաստ է խաղաղության, Ադրբեջանը՝ ոչ, համոզված է ՀՀԿ խոսնակը

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից ընդունված հայտարարությունը համահունչ է հայկական  պետության դիրքորոշման հետ:

Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբկացության քարտուղար Էդուարդ Շարամազանովը: ՀՀԿ-ականի խոսքով՝ բազմաթիվ անգամ շեշտվել է, որ ուժի կիրառումն անթույլատրելի է և որ Հայաստանը կողմնակից է բացառապես խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Ավելին` ասել ենք, որ ուժի կրկնակի կիրառումն աղետալի կլինի այն երկրի համար, որը կսկսի ուժի կիրառումը: Մենք միշտ պատրաստել ենք մեր հասարակությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի,  ինչը չենք կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ: Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունելու դովիլյան հայտարարությունը:  Որովհետև նրանք այդ հայտարարության մեջ տեսան այն, ինչ գոյություն չունի:  Իբր թե հայկական զորքերը պետք է դուրս գան ազատագրված տարածքներից: Իրանք դա անվանում են օկուպացված տարածքներ` աղավաղելով Դովիլյան հայտարարության բուն էությունը, որը հստակ մեսիջ էր` ուղղված Ադրբեջանին», – ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ օկուպացված տարածքներ կան, բայց այդ իրական օկուպացված տարածքները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներն են, որ օկուպացրել է  Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և ավարտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման Հիմնական սկզբունքների շուրջ տարվող աշխատանքը հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպման ընթացքում»: Նրանք նաև  հաստատել  են, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման`հնարավորություններ ստեղծելով տարածաշրջանի զարգացման ու համագործակցության համար:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արձագանքելով հայտարարությանը նշել էր հետևյալը. «Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաև այս կապակցությամբ հնչեցված ուղերձը»:
Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել էր, որ «Հայաստանը, հետևելով համանախագահ երկրների հայտարարությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի տարածքներից»:

Tekali Taxi