Home / Հայաստան / Ինքնասպանության փորձ` Իջևանի ոստիկանության բաժնում

Ինքնասպանության փորձ` Իջևանի ոստիկանության բաժնում

2011թ. հունիսի 9-ին, Իջևանի ոստիկանության բաժնում ինքնասպանության փորձ է կատարել Վահե Սանթրոսյանը, ով նույն օրը առավոտյան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել` համաձայն ՀՀ Քր. Օր. 177 հոդվածի 2րդ մասի 3-րդ կետի` գողություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ` Անուշ Չիլինգարյան, պաշտպան` Կարինե Գասպարյան):

Այս մասին հաղորդում է Հելսինկյան ասոցիացիայի կայքը:

Ժամը 14:30 ոստիկանների ուղեկցությամբ Սանթրոսյանը տեղափոխվել է ՞Իջևանի ԲԿ՞ ՓԲԸ որովայնի և մարմնի տարբեր մասերի կտրած վերքերով:

Ավելի վաղ Հելսինկյան ասոցիացիան տեղեկացրել էր, 2011 թվականի փետրվարի 18-ին Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Սանթրոսյանին ոստիկանության բաժանմունք են հրավիրել` մեկնաբանելով, որ վիճաբանություն է տեղի ունեցել և անհրաժեշտ են պարզաբանումներ:

Բաժանմունքում անջատել են Սանթրոսյանի հեռախոսը և չեն թույլատրել, որպեսզի նա կապվի փաստաբանի և ընտանիքի անդամների հետ: Հաջորդ օրը` առավոտյան, նրա մորը` Հրանուշ Կոխլիկյանին, զանգահարել են ոստիկանության աշխատակիցներն ու ասել, որ իր տղայի համար հագուստներ բերի բաժանմունք: Պարզաբանումներ չեն տվել` ասելով՝ կգաս, կիմանաս: Պարզվել է, որ Վահե Սանթրոսյանը մեղադրվում է գողության մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը:

Սանթրոսյանի մեղքն ապացուցող միակ փաստը նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալի` Գուրգեն Ավետիսյանի` Սանթրոսյանին հանցակից ճանաչող ցուցմունքն է:

Գուրգեն Ավետիսյանը, սակայն, հետագայում ցանկացել է իր ցուցմունքները փոխել, պնդելով, որ Վահեին չի ճանաչել և ոստիկանության կողմից կիրառված բռնության արդյունքում է նրան մատնացույց արել` որպես հանցակից: Դատարանում Ավետիսյանը պնդում էր, որ հանցագործությունը կատարել է միայնակ:

Սանթրոսյանը նախկինում երկու անգամ դատված է եղել: Առաջին անգամ հեծանիվ է գողացել, քշել և այնուհետև վերադարձրել, ինչի համար անչափահաս տարիքում դատվել է երկու տարի ժամկետով, իսկ երկրորդ անգամ, երկու բլոկ ծխախոտ և 13.000 հայկական դրամ գողանալու համար դատապարտվել է չորս տարի ազատազրկման: Սակայն, լավ վարքագիծ դրսևորելու արդյունքում վաղաժամկետ ազատվել է:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո Վահե Սանթրոսյանը պարբերաբար ենթարկվել է ոստիկանության ճնշումներին, գտնվել է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում` որպես Դիլիջան քաղաքում տեղի ունեցող գողություններում կասկածյալ: Երբ 2010 թվականին Սանթրոսյանը հերթական գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նրան ծեծի են ենթարկել` փորձելով ստիպել, որպեսզի խոստովանի իր մեղքը: Չդիմանալով ճնշումներին և վստահ լինելով իր ճշմարտացիության վրա` Վահեն քննիչի սենյակում ածելիով կտրել է իր վիզը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Հետագայում ոստիկանությունը բացահայտել է իրական մեղավորին: Հրանուշ Կոխլիկյանը, վախենալով ոստիկանության սպառնալիքներից, տղային ինքնասպանության փորձ կատարել դրդելու մեղադրանք չի ներկայացրել, սակայն պահանջել է, որպեսզի ոստիկանությունն իրեն 1000 ԱՄՆ դոլար վճարի` տղայի բուժման ծախսերը հոգալու համար: Ըստ տիկին Կոխլիկյանի՝ նրա տղան այսօր պատասխան է տալիս ոստիկանության վճարած այդ գումարի համար:

Tekali Taxi