Գլխավոր / Հայաստան / Երևանում կբողոքեն սովի դեմ

Երևանում կբողոքեն սովի դեմ

«Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը հունիսի 17-ին` ժամը 09:00-ին և 12:00-ին, կազմակերպում է ակցիա «Աշխարհն առանց սովի: Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» խորագրով:

«Օքսֆամ» բրիտանական կազմակերպությունն աշխարհի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով, որի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում:

Ակցիան կմեկնարկի ժամը 9:00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի մոտ, որտեղ կազմակերպության կամավորները քարոզարշավի ուղերձները կհղեն կառավարության անդամներին, Տնտեսական միցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և իշխանության այլ ներկայացուցիչներին:

Ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կսկսվի ստորագրահավաք ակցիան, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնել երկրում որոշումներ կայացնողներին: Ժամը 12:00-15:00-ը Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում քաղաքացիները հնարավորություն կունենան միանալ «Ոչ պարենամթերքների կամայական գնաճին, ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին, այո գյուղմթերքի տեղական արտադրությանը, այո ներդրումներին փոքր ֆերմերային տնտեսություններում և կոոպերատիվներում»  կոչերին:

«Հաշվի առնելով համաշխարհային և մեր երկրին սպառնացող պարենային ճգնաժամը` «Օքսֆամի» հայաստանյան գրասենյակը և Քաղաքացիական Հասարակության Համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների, կոչ են անում ՀՀ իշխանություններին զսպել ներքին շուկայում պարենամթերքի ահագնացող գնաճը, ներդրումներ կատարել փոքր ֆերմերական տնտեսություններում և գյուղատնտեսական կոոպերատիվներում, վերահսկել ներկրվող պարենային ապրանքների գները, խթանել գյուղմթերքների տեղական արտադրությունը, խթանել ներդրումները` մեղմելու համար կլիմայի բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: