Home / Հայաստան / Թուրքիայի վարչապետը ցանկանում է մինչև վերջ դատվել Wikileaks-ի հետ

Թուրքիայի վարչապետը ցանկանում է մինչև վերջ դատվել Wikileaks-ի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների և քաղաքական գործիչների դեմ ուղղված մի շարք դատական հայցեր հետ էր վերցրել, սակայն, ինչպես գրում է թուրքական «Milliyet»-ը, Էրդողանը չի պատրաստվում ընդհատել Wikileaks սկանդալային կայքի դեմ ուղղված դատական գործընթացը:

Հիշեցնենք, որ վարչապետը Wikileaks-ի դեմ հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ կայքը հրապարակել էր անձամբ Էրդողանի և թուրք այլ քաղաքական գործիչների մասին ամերիկացի դիվանագետների հայտարարությունները:

Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Աբդուլքադիր Աqսուն նշել է, որ հետաքննություն է ընթանում, քիչ գումարներ չեն ծախսվել փաստաբանների և իրավաբանների ծառայությունների վրա, և սխալ կլիներ հետ վերցնել Wikileaksի դեմ հայցը:

«Առավել ևս, մենք շահագրգռված ենք այդ գործընթացի ավարտի մեջ, որպեսզի ի վերջո ճշտենք կայքի կողմից հրապարակված փաստաթղթերի իսկությունը»,- hայտարարել է կուսակցության փոխնախագահը:

Նշենք, որ վարչապետ Էրդողանը ընդհանուր առմամբ 17 դատական հայց է հետ վերցրել, որոնցից 10-ն ուղղված են եղել ընդդիմադիր Ժողովրդական Հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուի, 3-ը` «ազգայնական գործողություն» կուսակցության առաջնորդ Դավլեթ Բահչելիի, 1-ը` Դեմոկրատական կուսակցության ղեկավար Նամիկ Քեմալ Զեյբեքի, ինչպես նաև «Թարաֆ» և «Ջումհուրիեթ» պարբերականների թղթակիցներ Ահմեդ Ալթանի և Մերիչ Վելիդեդեօղլուի դեմ:

Վարչապետը չի ներել միայն դերասան Մուժդետ Հեզենին: Խոսելով ընտրությունների արդյունքների մասին` Հեզենը մեջբերել էր թուրք գրող Ազիզ Նեսինայի խոսքերը. «Թուրք ազգի 60 տոկոսը հիմար է»: Էրդողանը Մուժդետ Հեզենից 50 հազար թուրքական լիրայի չափով փոխհատուցում է պահանջում:

Tekali Taxi