Home / Հայաստան / 60 կողմ, 7 դեմ. Արամ Սիմոնյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր

60 կողմ, 7 դեմ. Արամ Սիմոնյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր

Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նիստի օրակարգում եղել է ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը: Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է Պետհամալսարանի ներկայիս ղեկավար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով եղել է միակ թեկնածուն:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 60, դեմ` 7 խորհրդի անդամ, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

«Բոլորիս ակնկալիքը շատ մեծ է: Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան: Սա´ է մեր ցանկությունը, և ես իմ կողմից, Կառավարությունն իր կողմից վստահ ենք, որ խորհրդի բոլոր անդամներն անելու են ամեն ինչ, որպեսզի մենք այս նպատակին հասնենք»,- Արամ Սիմոնյանին շնորհավորելուց հետո ասել է ՀՀ նախագահը:

Tekali Taxi