Home / Հայաստան / «Նշաձողի վոյևէ առերևույթը». Փաշինյանը` Օսկանյանի հարցազրույցի մասին

«Նշաձողի վոյևէ առերևույթը». Փաշինյանը` Օսկանյանի հարցազրույցի մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա «Նշաձողի վոյեևէ առերևույթը» անունը կրող խմբագրականում կարծիք է ներկայացրել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի մասին:

Փաշինյանի խմբագրականը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուղղակի շշել է Սերժ Սարգսյանի ռեժիմին ու ճիշտ է արել, բայց դեռ չի նշանակում, թե ինքը ճիշտ է: Եթե ուշադիր հետևենք «Ազատություն» ռադիոկայանին Օսկանյանի տված հարցազրույցին, նա ամեն ինչ խոստովանում է, բայց` միայն դիվանագիտական լեզվով: Ներքաղաքական հարցերի մասին խոսելով, օրինակ, Օսկանյանը քննադատում է այսօրվա իրավիճակը այն բանի համար, որ իշխանության քաղաքական մոնոպոլիա է հաստատված: Լրագրողն էլ հակադարձում է, որ Օսկանյանենց իշխանության տարիներին էլ այդպես է եղել, և այստեղ է, որ նախկին արտգործնախարարը չի դիմանում առերեսմանը: «Հա, բայց գոնե առերևույթ իրավիճակը այլ էր»,- ասում է նա:

Առերևույթ – հին հայկական բառ է: Ստեփանոս Մալխասյանցի Հայերեն բացատրական բառարանում որպես այս բառի բացատրություն գրված է հետևյալը (մեջբերում եմ). «Արտաքին երևույթ ունեցող, արտաքուստ թվացող, երևակայական, ոչ իրական: Առերևույթ առողջություն: Նրանք առերևույթ բարեկամության տակ քողարկում էին խոր ատելություն: Առերևույթ հիվանդի դրությունը լավ է» (մեջբերման ավարտը):

Հիմա նորից հղում անենք Օսկանյանին. համեմատելով իրենց իշխանության տարիները ներկայիս տարիների հետ, նա մեծ նվաճում է համարում այն, որ գոնե առերևույթ իրավիճակը այլ էր: Հպարտանալու բան է, իհարկե: Որովհետև Քոչարյանի իշխանության տարիներին Վարդան Օսկանյանը գոնե առերևույթ ԱԳ նախարար է եղել: Հիմա նույնիսկ առերևույթ նախարար չէ, չնայած հիմա էլ նույնքան բան է որոշում, որքան որոշել է ԱԳ նախարար եղած տարիներին: Եվ, մեծ հաշվով, սա ինքն է խոստովանում. խոսելով 2008 թվականի մարտի 1-ի իր տխրահռչակ ասուլիսի մասին, Օսկանյանն ասում է, որ ինքը վաբշե տը, էնքան էլ վստահ չէ, թե էն, ինչ այդ ասուլիսում ասել է Երևանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունների մասին, համապատասխանում է իրականությանը: Թվում է, թե գոնե առերևույթ 18 տարին լրացած որևէ մեկը նման բան խոսել չի կարող: Բայց պարզվում է, որ էն, ինչ ինքը 2008 թվականի մարտի 1-ին ասել է, իրեն էլ են ասել: Ոստիկանությունից: ԱԱԾ-ից: Այսինքն, էն ասուլիսը, որ ինքը տվել է, որի ընթացքում ինքը խոսել է, ինքը չի խոսել իրականում: Այսինքն, ինքը միայն առերևույթ է խոսել: Եթե անկեղծ լինենք, ինքը վոյևէ ասուլիս չի էլ տվել: Ճիշտ է, առերևույթ ինքն է եղել, բայց` միայն առերևույթ: Իրականում իր ֆուտլյարն է եղել, կամ ինքը տվյալ իրավիճակում եղել է առերևույթի կարգավիճակում: Ուրիշ վոյևէ բան չի հիշում: Կամ տեղ-տեղ է հիշում: Տուտ պոմնիտ, ատտուդը նիպոմնիտ:

Հիշում է, օրինակ, որ էն տարիներին Հայաստանը զարգացած էր Հարավային Կորեայի նման: Առերևույթ, էլի: Տնտեսությունը Քոչարյանի ժամանակ աճում էր, զարգանում էր: Առերևույթ: Մարդիկ լավ էին ապրում: Առերևույթ, վոյևէ, վոչինչ, դույզն-ինչ: Ինքը կարծեմ ասել է, որ բանտում գտնվող ընդդիմադիր գործիչներին պետք է ազատ արձակել անհապաղ: Հաստատ ասել է: Հիշում է, որ դա ասել է մարտի 1-ից անմիջապես հետո: 2011 թվականի:

Ղարաբաղի հարցում վոյևէ խնդիր չի եղել: Նույն հարցազրույցի սկզբնական հատվածում Օսկանյանը տեսեք ինչ է խոստովանում` խոսելով ԼՂ հարցի շուրջ առաջիկայում սպասվող պրոցեսների մասին. «Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է` կողմերից մեկը նշաձողը իջեցրել է: Միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք (նկատի ունի հայկական կողմը.- Ն.Փ.) իջեցրել ենք, ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետեւ իմ իմացած նշաձողը այդ օրերին (իր ԱԳ նախարար եղած օրերին.- խմբ.) արդեն սահմանագծային նշաձող էր: Եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ, Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ոնց կարող է դա ընդունել»:

Հասկացանք, չէ՞. Օսկանյանը և իր շեֆը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից ԼՂ հարցի կարգավորման նշաձող են ժառանգել, ու տասը տարի այդ նշաձողը իջեցրել են: Սերժին փոխանցելու պահին այդ նշաձողը գտնվել է հնարավոր ամենաներքեւի կետում: Օսկանյանն ու Քոչարյանն են նշաձողը հասցրել այդ կետին և Օսկանյանը դա խոստովանում է: Ու հիմա ի՞նչ է ուզում Օսկանյանը Սերժ Սարգսյանից, որ նա այդ նշաձողը բարձրացնի՞: Այ ընկեր, Քոչարյանը հո միամիտ չի: Եթե ղարաբաղյան կլանը էդ նշաձողը բարձրացնելու շանս ունենար, ինքը` Քոչարյանը կմնար նախագահի պաշտոնում, ինչու էր Սերժի վրա գցում: Դու կարողա՞ վոյևէ ուրիշ առերևույթ տարբերակ տեսնում ես»:

Tekali Taxi