Home / Հայաստան / Արդարադատության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում 36-ամյա փոխգնդապետին բերման ենթարկելու փաստը

Արդարադատության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում 36-ամյա փոխգնդապետին բերման ենթարկելու փաստը

ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ 36-ամյա Արտակ Ղազարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու փաստը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Արդարադատության հասարկայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կարինե Քալանթարյանը:

Նշենք, որ այսօր news.am կայքը փոխանցել էր, որ հունիսի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Սևան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների և Արտակ Ղազարյանի միջև:

Դեպքի վայրում գտնվող ականտեսները պատմել են news.am-ի թղթակցին, որ նշված փողոցում իրականացվելիս են եղել գծանշման աշխատանքներ և նշված հատվածում ՃՈ աշխատակիցները սահմանափակել էին երթևեկությունը: Այդ ընթացքում «Հոնդա» մակնիշի 01 ՍՍ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է նշված հատվածով երթևեկել և չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջին: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո»: Այստեղ Ղազարյանը հրաժարվել է սթափության վիճակի զննությունից:

«Գոյություն ունի անմեղության կանխավարկած, և մինչև դեպքի մանրամասները չպարզվեն, որևէ բան ասել չենք կարող: Եթե տեղյակ եք, մեկ այլ լրատվամիջոց էլ` panarmenian.net-ը հաղորդել է, որ ոստիկաններն են ծեծել Արտակ Ղազարյանին: Գործի քննությունից հետո մենք հանդես կգանք համապատասխան հաղորդագրությամբ»,- Epress.am-ին ասել է Կարինե Քալանթարյանը:

Tekali Taxi