Home / Հայաստան / Քաղաքապետարանը սպառնում է ջնջել Կարեն Կարապետյանի էջը Facebook-ից

Քաղաքապետարանը սպառնում է ջնջել Կարեն Կարապետյանի էջը Facebook-ից

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյբուքյան էջին գրառում է թողել, որտեղ կոչ է անում օգտատերերին կոռեկտ արտահայտվել այդ էջում գրելիս:

«Մենք խնդրեցինք էջը չդարձնել անհարկի վիրավորանքների ու անհեթեթ դիսկուսիաների հրապարակ: Ի սկզբանե էջն իր առջև ավելի կառուցողական խնդիրներ էր դրել՝ հետադարձ կապ ապահովելու միջոցով ակնկալում ենք բարեկիրթ և արդյունավետ երկխոսություն: Կրկնում ենք,անբարեկիրթ, անդեմք և կեղծանուններով հանդես եկող օգտատերերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ և հաղորդագրություններ թողնել ըստ էության: Հակառակ դեպքում կքննարկվի էջի հետագա գոյության նպատակահարմարությունը», – գրել է Սարդարյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածվել առ այն, որ քաղաքապետի հրամանով Երևանում փողոցային շներին սպանում են` նրանց էլեկտրահարելով: Այդ ընթացքում Կարեն Կարապետյանի էջը հեղեղված էր տարատեսակ գրառումներով, որոնք տասնյակ օգտատերեր էին թողել:

Նշենք, որ Շուշան Սարդարյանը հերքել էր շների սպանդի մասին տեղեկատվությունը:

Tekali Taxi