Home / Հայաստան / Արտաշատի քաղաքապետի թեկնածուն բողոքում է Դաշնակցությունից և «Ժառանգությունից»

Արտաշատի քաղաքապետի թեկնածուն բողոքում է Դաշնակցությունից և «Ժառանգությունից»

Արտաշատի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Քաջո Գրիգորյանը երեկ կայացած քաղաքապետի ընտրություններից հետո բողոքել է ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներից, ովքեր, Գրիգորյանի խոսքով, ընտրական հանձնաժողովում իրենց տեղը զիջել են ՀՀԿ-ին: Նշենք, որ Քաջո Գրիգորյանի մրցակիցը ՀՀԿ-ական Գագիկ Մուրադյանն էր:

Epress.am-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմել է, որ ինքը դիմել է երկու կուսակցություններին` հարցնելով, թե, որպես խորհրդարանական  ընդդիմություն,  նրանք ինչո՞վ կարող են օրինականությունը պահպանել:

Գրիգորյանը նշել է, որ ի պատասխան` նրան ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող:

«Ասում եմ` կներեք, ինձ օգնել պետք չի, ընդամենը օրինականությունը կարո՞ղ եք ապահովել: Ասում են` գիտես ինչ կա, մենք այս քաղաքապետին հարգում ենք, մեր ընտանիքներով, հարազատներով պիտի գնանք, իրանց օգնենք: Ասում եմ` ես ձեզ հասկացա: Ու նաև ասեցի` Դաշնակցություն և «Ժառանգություն», գոռում եք, որ ընդդիմություն եք, բա ինչո՞ւ են հանձնաժողովի անդամները բոլորը ՀՀԿ-ական: Խուսափում են պատասխանել և իրենք էլ օգնում են, որ կեղծությունը լինի»,- հավելել է Գրիգորյանը:

Նշենք, որ ԿԸՀ-ի կայքում քվեարկության պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել:

Tekali Taxi