Home / Հայաստան / «Ժառանգության» անունից «հատուկ նպատակներով» հայտարարություն են արել. Սաֆարյան

«Ժառանգության» անունից «հատուկ նպատակներով» հայտարարություն են արել. Սաֆարյան

Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքներում անցկացված քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անունից հնչեցված հայտարարություններն անհեթեթ են և արված են հատուկ նպատակներով:

Epress.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հերքել է այն փաստը, որ կուսակցության ներկայացուցիչները կարող էին իրենց ձայները տալ Հանրապետական կուսակցությանը:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Քաջո Գրիգորյանը երկու օր առաջ կայացած քաղաքապետի ընտրություններից հետո բողոքել է ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներից, ովքեր, Գրիգորյանի խոսքով, ընտրական հանձնաժողովում իրենց տեղը զիջել են ՀՀԿ-ին: Epress.am-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմել էր, որ ինքը դիմել է երկու կուսակցություններին` հարցնելով, թե, որպես խորհրդարանական  ընդդիմություն,  նրանք ինչո՞վ կարող են օրինականությունը պահպանել:

«Ասեցի` Դաշնակցություն և «Ժառանգություն», գոռում եք, որ ընդդիմություն եք, բա ինչո՞ւ են հանձնաժողովի անդամները բոլորը ՀՀԿ-ական: Խուսափում են պատասխանել և իրենք էլ օգնում են, որ կեղծությունը լինի»,- ասել էր Գրիգորյանը:

Արարատում քաղաքապետի թեկնածու Հակոբ Թովմասյանը նույնպես նշել է, որ «Ժառանգության» և ՀՅԴ-ի անդամներն իրենց տեղերը հանձնաժողովում զիջել են ՀՀԿ-ին:

Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ անհնարին բան է, որ իրենց ներկայացուցիչը նման բան աներ:

«Հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչներ հնարավոր է, որ եղել են, բայց որ նման բան հայտարարեն կուսակցության անունից, անհեթեթություն է: Եվ մենք անպայման կպարզենք մանրամասները»,- մեկնաբանել է Սաֆարյանը:

Tekali Taxi