Home / Հայաստան / ԼՂ հակամարտության հարցում հեշտ լուծում երբեք չենք ակնկալել. Սերժ Սարգսյան

ԼՂ հակամարտության հարցում հեշտ լուծում երբեք չենք ակնկալել. Սերժ Սարգսյան

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ սպաների հետ զրույցում պատասխանելով Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանի այն հարցին, թե ո՞ր փուլում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, և արդյո՞ք միջազգային հանրության կողմից կան ճնշումներ:

«Գործընթացը շարունակվում է, և այդ գործընթացում մենք կառուցողական ենք: Այդ մասին բոլորը գիտեն, և իմացողների մի մասը մեզ խրախուսում է, մյուս մասը փորձում է քննադատել: Բայց էականը դա չէ, էականն այն է, որ ճնշումների մասին խոսակցություններն ուղղակի չափազանցություն են: Համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, բոլոր՝ ես նկատի ունեմ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումները: Այդ գործընթացը դժվարությամբ է ընթանում, բայց այդպես էլ պետք է լիներ: Մենք երբեք էլ չենք ակնկալել հեշտ լուծում: Մեր դիրքորոշումը հայտնի է, և այդ դիրքորոշումը հեշտությամբ չի ընդունվում մյուս կողմում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացի լուծում լինի: Եթե քեզ նման սպաները շատ լինեն, ովքեր մեր վստահությունը բարձրացնում են, մեր ուժերը կրկնապատկում են, ուրեմն մենք որևէ խնդիր չենք ունենալու: Որքան դուք ուժեղ լինեք, որքան մեր բանակը մարտունակ լինի, այնքան մենք ավելի լավ բանակցային դիրք ենք ունենալու», – ասել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi