Home / Հայաստան / Օմբուդսմենը հրապարակել է ՀՀ ԿԸՀ երեք անդամների անունները

Օմբուդսմենը հրապարակել է ՀՀ ԿԸՀ երեք անդամների անունները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 3 անդամների անունները, որոնք ՄԻ պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացվելու են ՀՀ նախագահին:

Համաձայն ՄԻ պաշտպանի գրասենյակի հաղորդագրության, օմբուդսմենն ընտրել է Արտակ Մելիքսեթյանին, Աիդա Մուրադյանին և Ռոզա Ստեփանյանին:

«Թեկնածուների ընտրության համար օրենքով սահմանված ժամկետը բավականին սեղմ էր. օրենքն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին, մրցույթով ընտրելու որոշումը և դրա անցկացման կարգը Պաշտպանն ընդունեց հունիսի 27-ին և 28-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետ, ըստ կարգի, սահմանվեց հուլիսի 4–ը, երկփուլ մրցույթի իրականացման համար վերջնաժամկետ՝ հուլիսի 9-ը, իսկ ՀՀ նախագահին թեկնածուների անունները ներկայացնելու վերջնաժամկետը, ըստ օրենքի, հուլիսի 11-ն է:

Նշված ժամանակահատվածում մրցութային հանձնաժողովը ստացավ 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցան երկրորդ փուլ և հրավիրվեցին հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին:

18 թեկնածուներից 2-ը հարցազրույցի փուլը չեն հաղթահարել ՀՀ օրենսդրության և ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով: Ըստ փաստաթղթերի տվյալների, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել են: 4 թեկնածու պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղաքական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չեն հաղթահարել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչություն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսևորած 4 հայտատու», – նշված է ՄԻ պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ, որում նաև հավելվում է, որ չընտրված թեկնածուների և մրցույթի ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվելու՝ «հարգելով ընտրության մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը»:

Tekali Taxi