Home / Հայաստան / 15-ամյա տղան պնդում է, որ իրեն ծեծել են ոստիկանական բաժանմունքում

15-ամյա տղան պնդում է, որ իրեն ծեծել են ոստիկանական բաժանմունքում

Հուլիսի 13-ին, ժամը 20:00-20:30-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 1996թ. ծնված Յուրա Սիմոնյանը: Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան, համաձայն փաստաբան Նարինե Սարգսյանի` Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես վկա բակում տեղի ունեցած վեճի պատճառով, որի ընթացքում կրակոցներ են եղել:

Հուլիսի 14-ին, ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը վերջինիս անընդհատ ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել: Հելսինկյան Ասոցիացիան փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք` Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել: Հուլիսի 14-ին, ժամը 23:05-ին, Յ.Սիմոնյանին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չթողնելով պաշտպանին տեսակցել իր պաշտպանյալի հետ:

Համաձայն Սիմոնյանի՝ նրան ոստիկանության բաժանմունքում ծեծել են՝ փորձելով ստիպել, որ ասի, թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին: Այսօր Սիմոնյանն իր ծնողի հետ պետք է այցելեր դատաբժշկին:

Tekali Taxi