Home / Հայաստան / Հարավային Կովկասի «մայրաքաղաքում» դատվում էին ժողովրդավարության համար. բլուրների հետևում Հայաստանն ու Ադրբեջանն են

Հարավային Կովկասի «մայրաքաղաքում» դատվում էին ժողովրդավարության համար. բլուրների հետևում Հայաստանն ու Ադրբեջանն են

Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրոնը՝ ադրբեջանական Թեքալի  գյուղը, այս անգամ իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքական գործիչներին ներկայացավ կանաչ գույներով, փոշոտ և մասամբ ասֆալտապատված:

Հուլիսի 18-ին Թեքալի  ժամանած առաջին միկրոավտոբուսից իջան Նոյեմբերյանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և երևանցի լրագրողները: Թբիլիսիից, Մարնեուլիից և Բաքվից ժամանող տրանսպորտն ուշանում էր. մարդիկ ցանկություն էին հայտնել տեսնել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների ականապատված հատման կետը:

Վերջին անգամ նման կարգի միջոցառման համար մարդիկ Թեքալի էին ժամանել այս տարվա մարտին:



Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Գյուղի «Բորչալի» կոչվող հանդիսությունների սրահում հյուրերին դեռևս ցերեկվանից էին սպասում: Շենքի ներսում հնդկական ֆիլմերի հերոսների պաստառներն են, Սահակաշվիլիի նկարը, ադրբեջանական երգչուհիներ և սազով տարեց մի տղամարդու պաստառ:

Գառան մսի ուժեղ հոտ է գալիս. խորովածը պատրաստում են հյուրերին միջոցառումից հետո հյուրասիրելու համար:

Սրահի տիրոջն օգնում են մի քանի երիտասարդ, ովքեր ժամանել են հին «օպելով» և «ֆոլկսվագենով»: Ռուսերեն հասկանում են, բայց նախընտրում են չխոսել, իսկ ահա սեփականատերը հաճույքով զրուցում է հյուրերի հետ:

Նա պատմում է, որ Ստեփանավանի մոտ ԽՍՀՄ տարիներին հողատարածք ուներ: Նա նաև Բորչալի (այժմ վրացական Քվեմո-Քարթլի շրջանն է, որը բնակեցված է ադրբեջանցիներով) անվան իր վարկածն է առաջարկում՝ Բորչալի է կոչվել պատմական տարածքը, որը ձգվում էր Ստեփանավանից մինչև Ղազախ: 50-ամյա գյուղացու պատմա-աշխարհագրական մտորումները ընդհատեցին լոլիկներն ու բադրջանները, որոնց թշշոցը հիշեցրեց խորովածի հեղինակին, որ ժամանակն է դրանք կրակի վրա շրջելու:

Թեքալիում հերթական անգամ մեկնարկելու է հանրային դատական նիստը: Այս անգամ որոշեցին սեղաններն ու «դահլիճի» աթոռները տեղադրել դրսում՝ ծառերի տակ: Դատական նիստին միմյանց դեմ էին հանդես գալու հայաստանյան քաղաքական գործիչ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և ադրբեջանցի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զարդուշտ Ալիզադեն:

Հայրիկյանը հանդես էր գալիս գործող ժողովրդավարական ինստիտուտների դեմ, իսկ նրա ընդդիմախոսը՝ հակառակը:

Միջոցառման գլխավոր գործող անձինք ժամանեցին մեկ ու կես ժամ ուշացումով: Պարզվեց, որ Հայրիկյանն ու Ալիզադեն շատ ընդհանրություններ ունեն: Դեմքի մազածածկույթը. Հայրիկյանը՝ փոքր մորուքով, Ալիզադեն՝ բեղերով: Երկուսն էլ ժամանակին նույն անունով թերթ էին տպագրում. Հայրիկյանը՝ «Անկախություն», Ալիզադեի՝ «Իստիկլալ»: Բացի դա, երկուսն էլ ճաղատ են:

Դատական նիստին առաջինը խոսք վերցրեց Հայրիկյանը.

«Քչերն են համարում, որ ժողովրդավարությունը հանրային կյանքի կառավարման լավագույն միջոցն է, բայց ոչինչ ավելի լավ դեռևս չի առաջարկվել: Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է: Դա մարտահրավերներից, անհանգստություններից մեկն է, որը տարածվել է ամբողջ աշխարհում: Լայն շերտերի հիասթափության պատճառն այն է, որ ժողովրդավարական համակարգերը իրականում ժողովրդավարական չեն: Քաղաքացիները միմյանց հավասար են միայն ընտրությունների օրը: Դա գործող ժողովրդավարական համակարգերի հիմնական բացթողումն է: Ընտրությունների արդյունքների ամփոփումից և խորհրդարանի ձևավորման մեկնարկից անմիջապես հետո սկսում է դիսկրիմինացիան, որը տևում է ընդուպ մինչև հաջորդ ընտրություններ»:



Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Ապա հայաստանցի քաղաքական գործիչը բանաձևեր նկարելով բացատրում էր ընտրական համակարգերի խնդրահարույց բնույթն անգամ այն երկրներում, որոնք համարվում են ժողովրդավարության ամրոցներ:

Նա մի համակարգ էր առաջարկում, համաձայն որի ընտրողի ոչ մի ձայն, որը տրվել է այս կամ այն թեկնածուի օգտին չի կորելու: Պարտված, բայց ձայներ ստացած թեկնածուները որոշում են, թե ում են փոխանցելու իրենց ձայները: Նման հայտարարություն նրանք կարող են անել անգամ նախընտրական արշավի ժամանակ:

Այսպիսով, քվեաթերթիկը, փաստորեն, դառնում է մի վկայական, որը քաղաքացին ինչ-որ ժամանակով տրամադրում է որևէ քաղաքական միավորին կամ անձին, որպեսզի վերջինս որոշումներ կայացնի իր փոխարեն:

Եթե պատգամավորը չի արդարացնում իրեն, հաջորդ ընտրություններին կորցնում է հիասթափված ընտրողից այդ վկայականը ստանալու հնարավորությունը:



Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Պատասխանող Զարդուշտ Ալիզադե.

«Ժողովրդավարության ճգնաժամը գլոբալ բնույթ է կրում և ներառում է լայն հատված՝ բարոյականությունից մինչև տնտեսություն:

Սակայն ին՞չ դեղատոմս է առաջարկում պարոն Հայրիկյանը: Նրա առաջակության իմաստն է՝ ապահովել քաղաքացիների իրավահավասարությունը ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև ընտրական մարմնի լիազորությունների գործողության ողջ ընթացքում»:

Ալիզադեի կարծիքով՝ ներկայումս գործող ժողովրդավարական համակարգերը բարելավելու համար պետք է բարելավել այն շինանյութը, որի օգնությամբ կառուցում են ժողովրդավարության շինությունը:

Եթե ընտրողն անգրագետ է, չունի ունեցվածք, աղքատ է և կախյալ, ունակ չէ տրամաբանել, կանխատեսել իր կողմից կայացած որոշումների հետևանքները, ապա ոչ մի իդեալական քվեարկության համակարգ չի կարող գեթ մեկ քայլով առաջ մղել ժողովրդավարությունը:

«Քվերակության կամ ընտրական համակարգերն ինքնին չեն կարող փոփոխել իմպերիալիստական երկների քաղաքական մշակույթը: Այդ երկների համար միջազգային իրավունքը լոկ սեփական բռնարարքները քողարկելու միջոց է: Այդ բռնարարքներն ուղղված են անդրազգային կորպորացիաների շահույթն ապահովելու համար: Ոչ մի ընտրական համակարգ, անգամ իդեալական համակարգ չի կարող փոփոխել ժողովրդավարական պետությունների պետական այրերի տրամաբանությունը, որոնք արդարացնում են ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ քաղաքացիների մահվան դեպքերը:



Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Ալիզադեն, մասնավորապես, ասել է, որ կարող է խոսել հայկական ընտրությունների և հայկական ընտրողների մասին՝ վկայակոչելով իր համար հեղինակավոր Վարդան Հարությունյանի կարծիքը:

«Բայց ես կխոսեմ սեփական փորձի մասին: Ես մասնակցել եմ Ադրբեջանում կայացած բոլոր նախընտրական արշավներին՝ սկսած 1989 թվականից: Իմ երկրում բոլոր, առանց բացառության բոլոր ընտրությունները մեկ ընդհանուր բան ունեն՝ նրանց արդյունքները կեղծվել են գործադիր իշխանության կամքով: Բոլոր ընտրությունները՝ նախագահական, խորհրդարանական, դատական՝ բոլորը կեղծվում են: Ինչպես կարելի է նման իրավիճակում ցանկանալ օգտագործել պարտվողների ձայները, եթե հաշվի չեն առնվում անգամ հաղթողներինը», – ասել է Ալիզադեն:

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող ընտրական համակարգերի անկատարելիությունը վերաբերում է ժողովրդավարության որպես կառավարման ձևի համակարգային բացթողումներին:

«Իդեալն անհասանելի է, որովհետև այն գոյություն չունի: Չկա մարդու մեջ, հանրության մեջ: Մնում է փաստել, որ իդեալականն Աստծո մեջ է, որի կատարելագործամնն ամբողջ կյանքում պետք է ձգտի մարդը: Բայց, ավաղ…», – նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:

Իր հոռետեսությունն Ալիզադեն անմիջապես փարատել է՝ հայտարարելով, որ քվեարկելու է Հայրիկյանի օգտին: Դա ազդեց քվեարկության ընթացքի վրա. Հայրիկյանի օգտին քվեարկեցին 26, իսկ Ալիզադեի օգտին 17 մարդ: Մնացածը ձեռնպահ մնացին:



Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Արդյո՞ք խաղաղությունն ավելացավ Հարավային Կովկասում հերթական խաղարարար նախաձեռնության իրականացումից հետո, որի կազմակերպիչներն են Կովկասյան խաղարարար նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանից, «Թեքալի» ասոցիացիան Վրաստանից և Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսը Ադրբեջանից: Այդ հարցին դժվար է պատասխանել:

Սակայն յուրաքանչյուր նման միջոցառման ժամանակ, որն անցկացվում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների մոտ գտնվող վրաստանյան փոքր գյուղում, ազատությունն ու թափանցիկությունն ավելի շատ են, քան թբիլիսյան մարիոթներում, երևանյան պլազաներում և բաքվի շեռատոններում:

Հարավային Կովկասում ծառացած խնդիրները դժվար է լուծել մեկ օրում, հավանաբար, դրանք իրենց լուծումը չեն ստանա այսօր կամ վաղը, սահմանները չեն բացվի, բայց նման դատական նիստերի ժամանակ ակնհայտ դրական մի բան կա՝ իրավապաշտպանը պաշտպանում է իրավունքը, իսկ լրագրողը չի սպասարկում իշխանություններին…



Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Tekali Taxi