Home / Հայաստան / ՀԱԿ-ն իշխանության հետ ամեն հանդիպումից հետո ուղիղ եթեր է պահանջում

ՀԱԿ-ն իշխանության հետ ամեն հանդիպումից հետո ուղիղ եթեր է պահանջում

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր 5 կետ պարունակող հայտարարությամբ անդրադարձ է կատարել երեկ կայացած ընդդիմություն-իշխանության երկխոսության առաջին հանդիպմանը:

Առաջին կետում ՀԱԿ-ը նշում է, որ ի գիտություն է ընդունում բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին` համարելով, որ երկխոսությունը կարելի է շարունակել տվյալ ձևաչափով և պատրաստակամություն հայտնելով նոր հանդիպում կազմակերպել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոնգրեսը հայտարարել էր, որ պատրաստ է երկխոսել ոչ թե կոալիցիոն աշխատանքային խմբի, այլ գործադիր իշխանության հետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստորեն ՀԱԿ-ն իր այսօրվա հայտարարությամբ այս հարցը փակված է համարել:

Երկրորդ կետով, ՀԱԿ-ն ընդգծում է, որ հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում, իսկ երրորդ կետում հավելում, որ հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։

«Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը», – ասված է Կոնգրեսի հայտարարության չորրորդ կետում։

Վերջին` 5-րդ կետում ընդդիմադիր ուժը նշում է, որ պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես, հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։

Tekali Taxi