Home / Հայաստան / Դատ. Մարտի 1-ի մասին սենսացիոն հայտարարությունը տեղափոխվեց առաջիկա նիստ

Դատ. Մարտի 1-ի մասին սենսացիոն հայտարարությունը տեղափոխվեց առաջիկա նիստ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կայացել է ՀՀ մաքսային  պետական կոմիտեի նախկին նախագահ  Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Այս գործով մեղադրյալի աթոռին են նստել 10 հոգի: Նրանցից մեկը՝ «Կոշիկի աշխարհ» ընկերության սեփականատեր Արա Կարապետյանն է, ում ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ավելի վաղ Կարապետյանը խոստացել էր դատարանում սենսացիոն հայտարարություն անել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալը, հավանաբար, հայտարարությամբ հանդես կգա առաջիկա երկու դատական նիստերից մեկի ժամանակ: Խոսելով գործի քննության մասին՝  Զաքարյանն ասել, որ  ԱԱԾ-ն այս գործը քննել է «ժիգլովյան» ոճով և ամեն գնով փորձել է  իրեն ցանկալին ներկայացնել որպես գործով փաստարկված և այս առումով թույլ տալով նաև բազմաթիվ չարաշահումներ, խախտումներ՝  ընդհուպ մինչև կեղծիքներ:

«Իմ պաշտպանյալը առաջին փուլից իրեն մեղավոր չի ճանչել: Ես նշեմ, որ պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում, հաշվի առնելով այս հանգամանքը, խնդրել է կատարել առերեսումներ այն բոլոր անձանց հետ, ովքեր  Արա Կարապետյանի դեմ ցուցմունքներ են տվել: Այս միջնորդույթունը բացահայտ հիմնավորված միջնորդություն է, որը  ապօրինի կերպով քննչական մարմինը մերժել է, և քրեական գործով 21 հատորում չկա մի արձանագրություն առերեսում կատարելու վերաբերյալ;  Ինչո՞ւ դա քննչական մարմինը չի արել: Մեր խորին համոզմամբ` չի արել, որովհետև նախաքննության ընթացքում մեղադրյալներից ոմանք եղել են ԱԱԾ-ում հսկողության տակ և նրանց թելադրանքով տվել են նրանց համար ցանկալի ցուցմունքներ»,- նշել է Զաքարյանը:

Նրա խոսքով` այս գործում առկա է քաղաքական ենթատեքստ, և հետագայում իրենք հանդես կգան  համպատասխան հայտարարություններով:

«Պաշտպանական կողմը խնդրում է գործը քննել վերաքննության կարգով և կայացնել արդարացման դատավճիռ, գործը   բեկանել և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նորից քննության: Թույլ են տրվել կոպիտ խախտումներ, որոնք վերաքննիչ դատարանում չեն կարող վերացվել:  Դատարանում բոլոր ամբաստանյալներն ասել են, որ Արա Կաարապետյանը որևէ առնչություն չունի այս հանցագործությունների հետ»,- հավելել է Զաքարյանը:

Ի դեպ, դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը փորձել է  սահմանափակել լրագրողների աշխատանքը՝ թույլատրելով ձայնագրել և տեսաձայնագրել ընդամենը 15 րոպե: Այնուհետև, երբ նրա կողքին նստած մեկ այլ դատավոր Սերժիկ Խաչատրյանը նրան ինչ-որ բան է ասել, Խաչատրյանը հայտարարել է, որ դատական նիստը լրագրողները կարող են տեսաձայնագրել 15 րոպե, իսկ ձայնագրել` ողջ ընթացքը:

Հիշեցնենք, որ Արա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 27-ի կեսգիշերին կազմակերպված ավազակային հարձակման համար, ինչպես նաև ավազակային խումբ ձևավորելու և ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Այս տարվա փետրվարի 7-ին Կարապետյանի  հարազատները և ընկերները, ովքեր գտնում են, որ մեղադրանքն անհիմն է, բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի մոտ: Նրանք ձեռքերում պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր՝ «Ազատություն Արա Կարապետյանին», «Մի դատեք առանց ապացույցների», «Վստահում ենք նախագահին»:

Tekali Taxi