Գլխավոր / Հայաստան / Կոնսերվատորիան անհույս է, հայտարարում է Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը

Կոնսերվատորիան անհույս է, հայտարարում է Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հունիսին Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հայազգի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն արժանիորեն է հաղթանակ տարել:

«Թավջութակահարների համար Չայկովսկու անվան մրցույթն ամենանշանակալից մրցույթն է: Արդեն երկու-երեք կարևորագույն գործակալություն իր հետևից որսի են դուրս եկել:

Այս հաղթանակն իսկական գլուխ գովալու առիթ է, այսինքն՝  էնպես չի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընդամենը պարտվեց 2:1 հաշվով (Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով – Epress.am), գոնե մի հատ գոլ խփեցինք Ռուսաստանին: Նարեկը հաղթել ա բոլոր կետերով, այս հաղթանակը միլիոնից մեկին չի տրվում»,- ասել է Թոփչյանը:

Նրա խոսքով` Նարեկ Հախնազարյանը սովետական հին դպրոցի «շատ հաջող քանդման» արդյունք է:

«Մենք նոր դպրոց չենք հիմնել, ավելին` մենք խորհրդային հին դպրոցը շատ հաջող քանդել ենք և քանդում ենք, շուտով այն ուղղակի կավերվի ու էլ չի լինի: Իսկ նման հաջողություն մենք մոտակա 60 տարում էլ չենք ունենա: Ես պեսիմիստ չեմ, ես ռեալիստ եմ: Նարեկը չի կարող իր ծրագրերը թողնի, գա էստեղ, դաս տա, մանավանդ, որ այսօր որևէ երաժշտական դպրոց իր առջև խնդիր չի դրել երաժիշտ արտադրել: Ես գիտեմ, որ մեկ ուրիշը կգա կխոսի, կասի` մենք ունենք փայլուն դպրոցներ, ֆանտաստիկ երաժիշտներ, բայց ռեալությունը սա ա, մենք շատ երկար ժամանակ Նարեկ չենք ունենա: Ֆիլհարմոնիկ էլ մի 6 տարի հետո չենք ունենա, քանի որ կան երաժիշտներ, որոնք անփոխարինելի են, սակայն հիվանդության պատճառով  3 տարի հետո չեն կարողանա նվագել: Իսկ Կոնսերվատորիան անհույս է, այլևս վերականգնել հնարավոր չէ: Ես այս խնդիրների մասին ամեն տեղ ասել եմ, բայց արձագանք չկա»,- հայտարարել է դիրիժորը: