Գլխավոր / Հայաստան / Մեդվեդևը` Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ պարտքի մասին

Մեդվեդևը` Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ պարտքի մասին

«Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին որոշումը կայացվել է, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մեջ: Այս մասին The Business Year հանդեսի` Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված համարում հրապարակված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նրա խոսքով` ռազմակայանը նպատակ ունի ապահովել այդ խաղաղությունն ու կայունությունը և նվազեցնել այն բարդությունները, որ այսօր առկա են:

Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Մեդվեդևը, մասնավորապես, ասել է, որ իր մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են արդեն պատմական մաքսիմումի, և այդ հանդիպումների ժամանակ տեղի են ունեցել կարևոր քննարկումներ, որոնց ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ չի ամաչում այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքից:

Ըստ Մեդվեդևի` բանակցությունները շարունակվելու են, և հանդիպումների հաճախականությունը` թե’ նախարարների, թե’ նախագահների մակարդակներով, չպետք է նվազի:

Մեդվեդևը նաև համարում է, որ այդ բանակցություններին ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի պարտքն է իր հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Ընդգծելով, որ Ռուսաստանը, անշուշտ, իր պատմական հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում` Դմիտրի Մեդվեդևը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում հանդիպումները կշարունակվեն:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար, սակայն չի նշել, թե հատկապես ինչ քայլերի մասին է խոսքը:

Ռուսաստանի նախագահը անդրադարձել է նաև ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք ակտիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով, հայտնում է «Ազատությունը»: