Home / Հայաստան / 03:00-ի դրությամբ ՀԱԿ-ի ակտիվիստները ոստիկանության բաժնում են (թարմացվում է)

03:00-ի դրությամբ ՀԱԿ-ի ակտիվիստները ոստիկանության բաժնում են (թարմացվում է)

03:00-ի դրությամբ Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ շարունակում են մնալ Կենտրոնի ոստիկանության բաժնում: Մոտ հարյուր մարդ՝  Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ, ակտիվիստներ, լրագրողներ դեռևս կեսգիշերից հավաքված են ոստիկանության շենքի մոտ և լուրերի են սպասում երիտասարդների մասին, ովքեր օգոստոսի 9-ի երեկոյան բերման են ենթարկվել ոստիկանների կողմից Կարապի լճի շրջակայքից: Այս մասին հաղորդում է Epress.am-ի թղթակիցը ոստիկանության բաժնի մոտից:

Բաժնում գտնվող երիտասարդներն են՝ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է դեպքի ականատեսների հետ, ովքեր նշել են, որ բերման ենթարկելու պահին ոստիկաններն ակտիվիստներին ծեծել են: Թե որն է բերման ենթարկելու պատճառը դեռևս չի հաղորդվում:

Ժամը 23:40-ի սահմաններում երիտասարդները հեռախոսով կապվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանի հետ և փոխանցել են իրենց հայտարարությունը:

Հայտարարության մեջ նրանք նշում են, որ Կարապի լճի մոտ ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից, և այժմ այդ նույն ոստիկանները չեն կարող գործի օբյեկտիվ քննությունը վարել, այդ իսկ պատճառով ակտիվիստները պահանջում են հրավիրել Հատուկ քննչական ծառայության քննիչի: Մինչ քննիչի ժամանելը նրանք հրաժարվում են որևէ գործողության մասնակցել: Երիտասարդները նաև փոխանցել են, որ իրենց այցելած շտապօգնության բժիշկները բոլորի մոտ արձանագրել են ուղեղի ցնցում: Նրանք խնդրել են դատաբժիշկ հրավիրել, սակայն ոստիկանները երիտասարդների պահանջը չեն կատարել:

Ավելի վաղ ոստիկանության բաժնից լրագրողների մոտ է դուրս եկած փաստաբան Վահե Հովսեփյանն ասել էր, որ երիտասարդների վրա ակնհայտ են բռնության հետքերը, հատկապես դա վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին, ում ճակատը պատռված է եղել և Տիգրան Առաքելյանին:

Այժմ Վահե Հովսեփյանը գտնվում է բաժնում մեկ այլ փաստաբան Ստեփան Ոսկանյանի հետ:

Ոստիկանության բաժնի մոտ է նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

ՀԱԿ համակարգող, իշխանությունների հետ երկխոսության ընթացքում ընդդիմության պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեպքի մասին տեղյակ է պահել իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին:

Tekali Taxi