Home / Հայաստան / Վերացնելով միջին խավը՝ ռեժիմն իր խնդիրներն է լուծում. ՀԱԿ-ի հայտարարությունը

Վերացնելով միջին խավը՝ ռեժիմն իր խնդիրներն է լուծում. ՀԱԿ-ի հայտարարությունը

Այն համառությունը և հետևողականությունը, որով վարչախումբը շարունակում է արշավանքը միջին դաս կազմող կամ անհատական աշխատանքով գոյատևող սոցիալական խմբերի դեմ, խոսում է այն մասին, որ այդ դասի վերացումը կամ առավել թուլացումը ռեժիմի համար կենսական քաղաքական նշանակություն ունի։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի այսօր տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի՝ կրպակների ապամոնտաժման որոշմանը:

ՀԱԿ-ը նշում է, որ միջին խավի վերացումով հետևյալ խնդիրներն են լուծվում.

1. Նպաստել, որպեսզի առևտրաշրջանառությունն ամբողջությամբ կենտրոնանա օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում և խոշոր խանութներում՝ բազմապետկելով նրանց շահույթները։

2. Թուլացնել սոցիալական այն շերտը, որը ինքնուրյուն աշխատանքով ապրելով և անմիջական վարչական կախվածության մեջ չգտնելով պետական հիմնարկներից ու պաշտոնյաներից, անհամեմատ ազատ է իր ձայնը տնօրինելիս։

3. Այս տարածքները կրկին վերադարձվում են իշխանության տնօրինության տակ, որոնք հետագայում կարող են բաժանվել յուրայիններին կամ էլ վաճառվել աստղաբաշխական գներով:

«Մնացած բոլոր հետևանքները՝ կապված հազարավոր մարդկանց ճակատագրի, սոցիալական դժգոհության բազայի մեցածման ու խորացման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի լրացուցիչ խթան դառնալու և այլ խնդիրների հետ, ավազակապետական իշխանության համար երկրորդական են և ստորադասվում են առաջին երկուսին։

Երեւանի կրպակատերի դեմ շարունակվող արշավանքի հերթական փուլը դրա վառ վկայությունն է։ Խոսքը վերաբերում է շուրջ 3000 կրպակների, որոնք մաս առ մաս նույն ճակատագրին պետք է արժանանան։ Որպես կանոն կրպակատերերն ունեն սեփականության վկայական, վարձակալման օրինական պայմանագիր, պարտաճանաչ մուծել են բոլոր հարկերն ու վարձավճարները։ Զանգվածաբար խախտվում են մարդու սահմանադրական՝ մասնավոր սեփականության իրավունքը, աշխատանքի իրավունքը, ըստ էության՝ կյանքի իրավունքը», – նշվում է Կոնգրեիս հայտարարության մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է «կրպակատերերի դեմ ծավալված արշավանքը, իր պատրաստակամություն է հայտնում բազմակողմանի՝ իրավական, քարոզչական, տեխնիկական և կազմակերպական գործնական օգնություն տրամադրել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիներին»։

Կոնգրեսը նշում է, որ այս առիթով ստեղծել է աշխատանքային խումբ, որն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել կրպակատերերի ներկայացուցիչների հետ։

Tekali Taxi