Գլխավոր / Հայաստան / «Սեպ են խրում…» ՀԱԿ-ի ակտիվիստները պատասխանեցին «հեղափոխական» ընկերներին

«Սեպ են խրում…» ՀԱԿ-ի ակտիվիստները պատասխանեցին «հեղափոխական» ընկերներին

Վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում, ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Այս մասին ասված է օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման երթարկված և հաջորդ օրը ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների` «Սարդարապատ» նախաձեռնության հասցեին արված հայտարարության մեջ:

Երիտասարդները նշում են, որ մեկուսարանում գտնվելիս իրենք տեղեկացան, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության կողմից իրենց նկատմամբ իրականացրած բռնություններն ու զորակցություն հայտնել:

«Բացառություն կազմեց «Սարդարապատ» խումբը, ով թեև «սատար կանգնեց» մեզ` Կոնգրեսի ակտիվիստներիս, բայց չխորշեց այն համեմել Կոնգրեսի հասցեին արված անպարկեշտ հայտարարություններով: Այսինքն, ձևականորեն զորակցություն հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը փորձեցին հերթական անգամ շահարկել մեր անունը և սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի ու նրա ղեկավար կառույցների միջև», – ասված է հայտարարության մեջ:

Ըստ երիտասարդների` որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա, «բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ, Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից»:

«Մենք, որպես Հայ Ազգային Կոնգրեսի մեծ թիմի անդամ, հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի ապօրինությունների դեմ, իսկ նրանք ովքեր իրական գործի փոխարեն ընտրում են անբարո ճամարտակությունների և հեռուներից փիլիսոփայելու ճանապարհը, այլ բան չեն անում, քան աջակցություն ցույց տալիս ներկա վարչախմբին», – եզրափակում են երիտասարդներ Սարգիս Գևորգյանը, Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արեգ Գևորգյանն ու Վահագն Գևորգյանը:

Tekali Taxi