Home / Հայաստան / Գերմանացիները կֆինանսավորեն Հայաստանում աղբահանության խնդիրների ուսումնասիրությունը

Գերմանացիները կֆինանսավորեն Հայաստանում աղբահանության խնդիրների ուսումնասիրությունը

Այսօր Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի միջև կնքվել է ֆինանսավորման համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի Վանաձոր քաղաքի և հարակից այլ համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարման փորձագիտական ուսումնասիրություն, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի (KfW) փոխնախագահ Եվա Վիտտը և բանկի գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը:

Ուսումնասիրության շրջանակներում կատարվելու է համայնքներում իրականացվող աղբահանության ծառայության ներկայիս իրավիճակի գնահատում, ներկայացվելու է ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը և վերջինիս իրականացման հետ կապված ֆինանսական գնահատականը:

Բացի դա, հստակեցվելու են գործող աղբավայրի փակման և Եվրամիության նորմերին համապատասխան նոր սանիտարական աղբավայրի տեղանքի ընտրության և կառուցման համար անհրաժեշտ միջոցառումները, թափոնների վերամշակման հնարավորությունները և դրանց ֆինանսական հաշվարկները:

Փորձագիտական ուսումնասիրությունը կտևի մոտ 10 ամիս, դրամաշնորհի չափը կազմում է 650 հազար եվրո: