Գլխավոր / Հայաստան / Էրեբունի արգելոց-թանգարանում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում

Էրեբունի արգելոց-թանգարանում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով ոլորտի կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի մոտեցումները` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն, ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները. «Մշակույթի ոլորտի բոլոր տնօրենները պետք է ունենան հստակ ծրագիր, ինչպես անել, որ մատուցած ծառայություներն ավելի շատ և որակյալ լինեն: Մենք կանգնելու ենք մշակութային յուրաքանչյուր սուբյեկտի կողքին այն պարագայում, երբ հստակ հասկանանք, որ նրանք ունեն հստակ ծրագիր և պատասխանատվություն են կրում: Խնդիրը ներկայացնելուց բացի, պետք է ներկայացնել նաև այդ խնդրի լուծման տարբերակները»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Գրադարանների հետ կապված խնդիրների առնչությամբ նշվել է, որ դրանց մի մասը օպտիմալացման լուրջ խնդիրներ ունի: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը քաղաքապետին ծրագիր է ներկայացրել ժամանակակից պահանջները բավարարող և գրադարանում նոր համացանցային ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Երաժշտական դպրոցների և թատրոնների կողմից նույնպես առաջարկություններ են ներկայացվել նոր ծառայությունների մատուցման միջոցով լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու համար:

Թանգարանները, զբոսաշրջության խթանման և այցելուների թվի բարձրացման նպատակով ևս ծրագրեր են ներկայացրել: Էրեբունի արգելոց – թանգարանի մասով նշվել է, որ առաջիկայում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում, որը, որպես բիզնես նախագիծ, կերաշխավորի ներդրումների հետագա վերադարձելիությունը:

Ծրագիրը նախատեսում է արգելոց հնավայրի վերակառուցում, թատերական ներկայացումների կազմակերպում, հանգստի գոտիների ստեղծում և գեղարվեստական լուսավորության ապահովում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi