Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ Հայաստանի նկատմամբ. Սերժ Սարգսյան

Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ Հայաստանի նկատմամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման և «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Պատասխանելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին երիտասարդներից մեկի հարցին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Խնդիրն իրոք բարդ է. բարդ, որովհետև այն ցավոտ է բոլոր կողմերի համար և խոր արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է և հիմա շատ մեծ բարդության առջև են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետև երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում, իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել` գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել և լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որպեսզի հարգենք այդ մարդկանց ազատությունը, որպեսզի նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ: Վստահ եմ` դրա ժամանակը գալու է: Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել: Մենք ասելով նկատի ունեմ և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում հնչող հակահայկական հայտարարությունները շարունակաբար հնչել են վերջին 20 տարիների ընթացքում:

«Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները` Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում` թե ինչքան հզոր է Ադրբեջանը և ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները և ինչքան քիչ են հայերը: Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞: Ադրբեջանն ունե¬ցել է ընդամենը մեկ նախագահ, ով շատ թե քիչ իրատեսական էր խոսում: Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես: Ի՞նչ եղավ արդյունքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն` ինչ եղավ: Ես վստահ եմ, որ ռազ¬մական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ:

Ձեզնից ո՞վ է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արդյո՞ք այնտեղ տեսել եք որևէ մեկի, ով կասկածել է, որ իրենք ինքնուրույն պետություն են: Իհա´րկե, ոչ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն էլ հիմա տնօրինում իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միևնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետև ինչքան շուտ, այնքան ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար», — հայտարարել է Սերժ Սարգսյանը: