Գլխավոր / Հայաստան / Ծնելիության նվազում, մահացությունների աճ. ինչ է սպասում Հայաստանին

Ծնելիության նվազում, մահացությունների աճ. ինչ է սպասում Հայաստանին

Հեռու չէ այն պահը, երբ Հայաստանը կունենա ավելի շատ մահացություններ, քան ծնունդներ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նա նշել է, որ Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.7, իսկ չափանիշը 2.1 գործակիցն է, որը ցույց է տալիս, թե որքան երեխա է ծնում կինն իր ողջ վերարտադրական տարիքում:

«Միջին միջազգային մակարդակով ծնելիությունն անկում է ապրում, իսկ դրա նվազման գործոնները հիմնականում կենսամակարդակի բարձրացումն է և կրթամակարդակի ավելացումը», – ասել է Եգանյանը` նշելով, սակայն, որ Հայաստանում պատկերն այլ է:

Ըստ Եգանյանի` մեր երկրում ծնելիության մակարդակի նվազումը պայմանավորված է Հայաստանում սոցիալ-տնտեսական մակարդակի վատթարացման հետ:

«1970-1980-ական թվականներին ծնելիության մակարդակը գրեթե կայուն էր: Սակայն 1990-ականներին վիճակը արմատապես փոխվեց, որի արդյունքը, ի տարբերություն միջազգային պատճառների, սոցիալ-տնտեսական պայմաններն էին և արտագաղթի ահռելի ալիքը: Եթե չլինի պետական միջամտություն, եթե էս երկիրը չառողջանա տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական առումով, ժողովրդագրական ոլորտում այժմյան գործող պետական քաղաքականությունն ուղղակի ջղաձգումներ կհամարվեն»,- ասել է նա:

Եգանյանը կարծիք է հայտնել, թե ինչ է սպասվում Հայաստանին նման ժողովրդագրական տվյալների և գրանցված միտումների արդյունքում:

«Այս պրոցեսը սրընթաց շարունակվելու է, փոխվելու է բնակչության տարիքային կառուցվածքը, որը, ի դեպ, արդեն փոխվել է. եթե դատենք միջազգային ստանդարտներով, մենք համարվում ենք ծերացած բնակչություն ունեցող` մոտ 12 տոկոսի մակարդակի ենք հասել թոշակային տարիքի բնակչության թվով, իսկ դա շատ բարձր մակարդակ է: Այնուհետև թե’ քաղաքական, թե’ տնտեսական առումով թուլանալու ենք, փոքրանալու ենք: Եթե չլինի միջամտություն, պրոցեսներն ընթանալու են անդառնալիորեն»,- իր մտահոգությունն է հայտնել Եգանյանը:

Tekali Taxi