Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստների փաստաբանը «Հանցագործության մասին» հաղորդում կներկայացնի Գլխավոր դատախազին

ՀԱԿ ակտիվիստների փաստաբանը «Հանցագործության մասին» հաղորդում կներկայացնի Գլխավոր դատախազին

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատրաստվում է այսօր «Հանցագործության մասին» հաղորդում ներկայացնել Հայաստանի գլխավոր դատախազին:

Փաստաբանը պնդում է, որ ինքը և փաստաբան Վահե Հովսեփյանը ոստիկանությունում բռնության են ենթարկվել, երբ փորձել են պաշտպանել օգոստոսի 9-ի երեկոյան ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժին բերման ենթարկված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների շահերը:

Վահե Հովսեփյանը «Հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել մի քանի օր առաջ: Բացի այդ, օգոստոսի 12-ին Հայաստանի փաստաբանների պալատը հայտարարություն էր տարածել, որով ապօրինի էր որակել ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողությունները:

«Ոստիկանությունում ծառայողական քննություն է անցկացվում, որի շրջանակներում նաեւ ես եմ ներկայացել բացատրություն տալու: Ճիշտն ասած, հրաժարվել եմ բացատրություն տալուց, նշել եմ, որ գտնում եմ, որ օբյեկտիվ քննություն չեմ ակնկալում, որ կկատարվի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Ստեփան Ոսկանյանը: – «Մյուս փաստաբանը արդեն ներկայացրել է հաղորդում: Բնականաբար, ես էլ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում, դատախազությունից պահանջելու ենք, որ քննությունը կատարվի Հատուկ քննչական ծառայությունում, հարուցվի քրեական գործ, պարզվեն մեղավոր անձինք և պատասխանատվության ենթարկվեն»:

Tekali Taxi