Գլխավոր / Հայաստան / Նախարարությունը օմբուդսմենի գրասենյակի աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ է համարում

Նախարարությունը օմբուդսմենի գրասենյակի աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ է համարում

Կրթության և գիտության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությանը, համաձայն որի` ԿԳՆ-ն հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը:

Ըստ նախարարության` ՄԻՊ-ի գրասենյակի հայարարությունն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող, «ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ»:

ԿԳՆ-ի հաղորդագորթյան մեջ նշվում է, որ  «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել:

«Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի և բովանդակության մեջ, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Просвещение» հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը: Հեղինակը` ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին,   բնականաբար, չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Որպես ՀՀ քաղաքացիներ, անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության և պակաս արհեստավարժության կապակցությամբ:

Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը և զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք,  պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:

Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի և մակարդակի բարձրացնելու հարցում», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi