Գլխավոր / Հայաստան / Քանդված «Միլանո» խանութի սեփականատիրոջը թույլ չեն տվել մոտենալ իր գույքին

Քանդված «Միլանո» խանութի սեփականատիրոջը թույլ չեն տվել մոտենալ իր գույքին

Երևանի Աբովյան փողոցում վերջերս քանդված «Միլանո» խանութի սեփականատերը հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իրենց ձևակեպրմամբ` «ԱՎՈ ՖՄՀ» ընկերության «ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու վերաբերյալ»:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է խանութի սեփականատերը հանդիսացող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ընկերության հիմնադիր Հովհաննես Ղուկասյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ երեկ իրենք ականատես են եղել, թե ինչպես է արդեն քանդված շենքի տարածքից տեղափոխվում իրենց պատկանող գույքը:

«Եկանք նկարահանեցինք, որ բանվորները խրձերով ալյումինը ամեն մեկը մի կողմ է տանում: Մոտ 10 տոննա ալյումինի պրոֆիլ է օգտագործվել այդ նկուղի երեսապատման համար», – ասել է «Միլանոյի» սեփականատերը` հավելելով, որ խանութի քանդումից հետո տարածքում մնացել է մոտ 300 հազար դոլարի գույք, սակայն իրենց թույլ չի տրվել մոտենալ շինությանը և տեղափոխել այն:

«Պատճառաբանում են, որ այն ի պահ է հանձնված ոստիկանությանը և ոստիկանությունը արգելք է հանդիսացել, որպեսզի մենք կարողանանք մեր շարժական գույքը տեղափոխել: Եթե նույնիսկ մի քանի անգամ մեզ թույլ են տվել, միայն ԴԱՀԿ-ի աշխատակիցների միջոցով, որպեսզի կարողանանք ինչ-որ մեր օգտագործման ապրանքներ հանենք, որի վերաբերյալ արձանագրություն է կազմվել», – նշել է նա:

500 քմ ընդհանուր տարածքով եռահարկ շենքը, նախկին սեփականատիրոջ խոսքով, շուկայական գներով մոտ 2 միլիարդ դրամ է գնահատվել, մինչդեռ որպես փոխհատուցում Հովհաննես Ղուկասյանին առաջարկվել է 200 միլիոն դրամ, քանի որ շենքի նկուղը, երկրորդ հարկը և ձեռնահարկը ճանաչվել են ապօրինի:

Ղուկասյանի շահերի պաշտպանները գտնում են, որ պետությունը «Միլանո» խանութի շենքը` նկուղը, երկրորդ հարկը և ձեղնահարկը, ուղղակի նվիրել է կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ընկերությանը, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, պատկանում է սփյուռքահայ գործարար Ավետիս Կարագուլյանին:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Միլանո»-ի սեփականատիրոջ իրավունքները խախտվել են ՀՀ Կառավարության կողմից:

«Ըստ էության, Հյուսիսային պողոտայի ողբերգությունը շարունակվում է: Ներկայիս համապատասխան մարմինները շարունակում են չպաշտպանել ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը, և մեզնից ոչ ոք ապահովագրված չէ, որ մի օր Կառավարության որոշմամբ իր տունը, սեփականությունը չի համարվի հանրային գերակա շահ, և ձեռքիցդ չեն առնի այն: Սա, ինչպես նաև կրպակատերերի հարցը, նախադեպային են, և մարդկանց մղում են ապստամբության: Երբ մարդուն մղում ես մի անկյուն, ճնշում ես, նրանից միայն հարված սպասիր»,- ասել էր Սաֆարյանը:

Tekali Taxi