Գլխավոր / Հայաստան / Ակտիվ առևտուր, շշուկներ Արթուր Բաղդասարյանին կաշառելու մասին. պատմում է դիվանագետը

Ակտիվ առևտուր, շշուկներ Արթուր Բաղդասարյանին կաշառելու մասին. պատմում է դիվանագետը

2008 թվականի ապրիլի 21-ին ձևավորված Հայաստանի նոր կառավարությունում ԱՄՆ դեսպանատունը և’ դրական, և’ բացասական կողմեր էր գտել: Նոր կառավարության անդամների մասին ԱՄՆ Պետդեպ ուղարկված և WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում գրել է փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը:

Որպես ամենադրական զարգացում ամերիկացի դիվանագետը նշում է տնտեսական ոլորտի նախարարների նշանակման փաստը, որոնք «ավելի շատ տեխնոկրատ են, ոչ իշխանության մարդ»:

Փենինգթոնն ուշադրություն է դարձնում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի վրա, որոնք, ըստ փոխդեսպանի, «մաքուր են և լավ մասնագետներ»:

Ամերիկացի դիվանագետը բավական զգուշավորությամբ է գրում Հովիկ Աբրահամյանի և Արմեն Գևորգյանի փոխատեղման մասին (Աբրահամյանը դարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Արմեն Գևորգյանը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար – խմբ.): Փենինգթոնը նշում է, որ Գևորգյանը հստակ Քոչարյանի մարդն է, իսկ Աբրահամյանն ավելի շատ աշխատում է սեփական շահերի համար, սակայն երկրորդ և երրորդ նախագահի միջև ընտրության դեպքում նա ավելի շատ Քոչարյանին է մոտ կանգնած:

«Թվում է, որ այս նշանակումները Ռոբերտ Քոչարյանի և նոր նախագահի միջև ակտիվ առևտրի արդյունք են եղել», – նշում է Փենինգթոնը` հավելելով, որ Հովիկ Աբրահամյանին փորձում են մարգինալացնել:

Նա նշում է նաև, որ Աբրահամյանը վատ համբավ ունի թե’ կոռուպցիայի պատճառով, թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ եղել է ամենակեղտոտ մարտավարական քայլերի իրականացնողը:

«Պաշտպանության նախարարությունում գեներալ Սեյրան Օհանյանի նշանակումը վաղուց լայնորեն քննարկվում էր և կանխատեսվում, երբ նա եկավ Լեռնային Ղարաբաղից որպես գլխավոր շտաբի ղեկավար , թեև մի քանի ամիս շարունակ այլ լուրջ թեկնածություններ նույնպես առաջարկվում էին: Օհանյանը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարիներից ի վեր, և ենթադրաբար շատ հավատարիմ է նոր նախագահին: Իրականում շատ քիչ բան գիտենք Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի մասին, բացառության լայնորեն շրջանառվող շշուկներից, որ նոր նախարարը կաշառք է տվել Արթուր Բաղդասարյանին «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակում բարձր հորիզոնական զբաղեցնելու համար մինչև 2007 թվականի մայիսի խորհրդարանական ընտրությունները, և փողից բացի այլ ակնհայտ որակներ չունի բարձր քաղաքական պաշտոն ստանալու համար», – գրում է Փենինգթոնը:

Լուսանկարը` azatutyun.am

Tekali Taxi