Գլխավոր / Հայաստան / Աղմկահարույց սպանություն. փաստաբանները ցանկանում են իմանալ` ով է զենքից մաքրել մատնահետքերը

Աղմկահարույց սպանություն. փաստաբանները ցանկանում են իմանալ` ով է զենքից մաքրել մատնահետքերը

Անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործում ի հայտ են եկել մի քանի կարևոր հանգամանքներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Հելսինկյան ասոցիացիայի անդամներ, փաստաբաններ Նինա Կարապետյանցը և Գայանե Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, ում սպանության մեղադրանք էին առաջադրել և նա ընդունել էր իր մեղքը, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ Ահարոնյանի հրաժարվելուց հետո գործում շրջադարձ է եղել և սպանության մեղադրանք է առաջադրվել միջադեպի մեկ այլ մասնակցին` Վռամ Բաղդասարյանին: Վերջինս չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Վռամ Բաղդասարյանի մեկ այլ փաստաբան Գայանե Խաչատրյանը նշել է, որ գործի նյութերով հիմնավորվում է՝ գործով անցնող Արսեն Ահարոնյանը, Պետրոս Գրիգորյանը և Վռամ Բաղդասարյանը միջադեպից հետո իրենց մոտ եղած զենքերը տվել են գործով որպես վկա ճանաչված Հայկ Հակոբյանին` վերջինիս ասելով, որ «տանի ու պահի»:

«Հայկ Հակոբյանը զենքերը պահել է իր աներոջ մոտ, այդ բոլորը հանգամանքները քրեական գործի նյութերով հիմնավորվում են, բայց տվյալ անձը գործով վկա է անցնում: Ընդունենք, որ եթե նախաքննության մարմինն ինչ-ինչ պատճառներով չի ցանկացել մեղադրանք առաջադրել նրան խուլիգանության հոդվածով, ամեն դեպքում նա նվազագույնը պետք է անցներ որպես հանցագործության մասին իմացող և չհայտնող անձ, բայց նա որպես վկա է անցնում: Գործով հիմնավորված է, որ «Մակարով» և  «ՏՏ» տեսակի զենքերը ոստիկանության բաժին է  հանձնել Արսեն Ահարոնյանի հայրը՝ Լևոն Ահարոնյանը, բայց նա այդ զենքերը հանձնել է ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի ցուցումի հիման վրա: Այդ մասին հայտնել է և Լևոն Ահարոնյանը, և Հովհաննես Շահինյանի վարորդը՝ Արմեն Երիցյանը (Երո մականունով): Իրենց ցուցմունքների համաձայն, Լևոն Ահարոնանն ու Արմեն Երիցյանն այդ զենքերը տարել են Լևոն Սարգսյանի տուն, վերջինս  զենքերը զննել է, այնուհետև ասել է` տարեք, հանձնեք ոստիկանություն»,- ասել է Գայանե Խաչատրյանը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ գործում կա նաև երրորդ զենքը, դա «Կոլտ» տեսակի ատրճանակն է, որը նորից Լևոն Սարգսյանի ցուցումով հանձնել է Վռամ Բաղդասարյանը: Խաչատրյանի խոսքով՝ կարևոր հանգամանք է այն, որ «Մակարով»  և «ՏՏ» տեսակի զենքերի վրայից մատնահետքերը մաքրված են եղել:  Բայց հատուկ քննչական ծառայությունը որևէ գործողություն չի իրականացրել պարզելու համար, թե ով և ինչու է մաքրել մատնահետքերը:

Գայանե Խաչատրյանը մեկ այլ կարևոր հանգամանք էլ է նշել. դատահետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, Վռամ Բաղդասարյանի ձեռքերի վրայից վերցված նմուշները  զենքի վառոդի հետքեր չեն հայտնաբերվել, մինչդեռ Պետրոս Գրիգորյանի և Արսեն Ահարոնյանի տաբատների վրա մասնավոր փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են մետաղի հետքեր: Ըստ փորձագետի՝  դա, հնարավոր է, զենքի շփման հետևանք լինի, չնայած Պետրոս Գրիգորյանը դա պատճառաբանում է որպես  բանալիներից առաջացած հետքեր, բայց դրա համար որևէ հիմնավորում չկա:

Փաստաբանի խոսքով՝ մեկ կարևոր հանգամանքն էլ այն է, որ Լևոն Սարգսյանին  զենքերը բաժին հանձնելու պահանջով զանգել է ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ով այժմ ձերբակալված է և մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար:

«Նախաքննության ժամանակ նա ասել է, որ Լևոն Սարգսյանը տեղյակ պահի մասնակիցներին, որ բերեն, զենքերը հանձնեն բաժին: Ըստ իս, ընդամենը տրամաբանությունը պահպանելու համար՝ եթե Հովհաննես Թամամյանը չցանկանար, որպեսզի սպանությունը բացահայտվեր, ապա այդ զենքերը հանձնելու վերաբերյալ նման հրահանգ չէր տա: Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի  22-ին Հովհաննես Թամամյանը գրություն է  ուղարկել քննչական գլխավոր վարչության  պետ Կարապետյանին այն մասին, որ, օպերատիվ տեղեկությունների համաձայն, Պետրոս Գրիգորյանի մոտ նույնպես զենք է եղել, որից նա կրակոցներ է արձակել: Ըստ էության, նա հայտնել է, որ կատարվում են համապատասխան օպերատիվ միջոցառումներ` պարզելու համար, թե որ ատրճանակից է Պետրոս Գրիգորյանը կրակել: Հետագայում այս գրությանը ընթացք չի տրվել կամ էլ տրվել է, բայց  գործի նյութերում այդ հետագա տվյալները չկան»,- ասել է  Խաչատրյանը:

Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք դատարանում միջնորդույթյուններ էին ներկայացրել` պարզելու համար, թե ի վերջո որտեղ են մաքրվել այդ զենքերը և ով է դա արել, սակայն դատարանը հնարավորություն չի տվել լրացուցիչ հարցաքննությունների միջոցով պարզել, թե ով է հրահանգը տվել մաքրել այդ հետքերը, եթե նման հրահանգ եղել է:

«Եթե վստահ լինեին, որ Վռամ Բաղդասարյանն է սպանել, բնականաբար, այդ զենքերը չէին մաքրվի»,- ասել է  Կարապետյանցը:

Tekali Taxi