Գլխավոր / Հայաստան / Տոնական օրերին Երևանը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն

Տոնական օրերին Երևանը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի  և Էրեբունի-Երևան տոնակատարություններին ընդառաջ  Երևանում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձևավորման և հարդարման լայնածավալ աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տոնական օրերին Երևանը նորովի տեսքով կներկայանա: Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիևյան» կամուրջների և Կոմիտաս-Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման և ձևավորման աշխատանքները,  պատշաճ տեսքի են բերվում   200 շենքերի ճակատային հատվածները:

Օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները` Շիրազի և Դավիթ Բեկի փողոցներում,  ինչպես նաև Ազատության պողոտայում: Կավարտվեն  2011թ. ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են  40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաև  կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն աշխուժորեն մասնակցել են նաև ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին  մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ  լուսավորություն:

Tekali Taxi