Գլխավոր / Հայաստան / Ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, ասել է Սերժ Սարգսյանը

Ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, ասել է Սերժ Սարգսյանը

ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքից, որտեղ նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 66-րդ նստաշրջանում, սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի և Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաև Հայաստանի քաղաքացիների ներուժը: Նախագահի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին:

«Մենք տերն ենք և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ գործարարներին՝ անցած քսան տարիների ընթացքում հայրենիքի հզորացմանն ուղղված իրենց գործունեության համար: «Հույս ունեմ, որ ընդհանուր ջանքերով մենք տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք»,-ասել է ՀՀ նախագահը:

Լոս Անջելեսում Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը:

«Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում և՛ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, և՛ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետև շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, իսկ մինչ այդ, նա հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:

Tekali Taxi