Գլխավոր / Հայաստան / Իռլանդիայի առաջատար հարձակվողը կարող է չխաղալ Հայաստանի դեմ

Իռլանդիայի առաջատար հարձակվողը կարող է չխաղալ Հայաստանի դեմ

Իռլանդիայի հավաքականի առաջատար հարձակվող Ռոբբի Քինը, ով հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում, կարող է վնասվածքի պատճառով չմասնակցել Հայաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 11-ին կայանալիք հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են իռլանդական լրատվամիջոցները, այս մասին ասել է Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովանի Տրապատոնին:

Քինը մկանային վնասվածք է ստացել, և, Տրապատոնիի խոսքով, նրա խաղադաշտ դուրս գալը լուրջ կասկածի տակ է:

Վերջնական որոշումը Իռլանդիայի հավաքականի բժիշկները կկայացնեն երկուշաբթի օրը կայանալիք մարզումից հետո: Քինի բացակայության դեպքում նրան կփոխարինի Շեյն Լոնգը, ով առջևի գծում կխաղա Քևին Դոյլի հետ:

Տրապատոնին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չթերագնահատել Հայաստանի հավաքականին, որը վերջին 3 խաղում 11 գնդակ է խփել և բաց է թողել ընդամենը 1-ը:

Նա դժգոհել է, որ նման վերաբերմունք է եղել ուրբաթ օրը կայացած Անդորրայի հետ խաղում, երբ իռլանդացիները հաղթել են 2:0 հաշվով:

«Հայաստանը շատ ուժեղ թիմ է: Նրանք մեզանից շատ գնդակներ են խփել: Մենք պետք է շատ, շատ ուշադիր լինենք: Պետք է խաղանք 100 տոկոս նվիրվածությամբ և ուշադրությամբ: Հիմար սխալներից պետք է խուսափել», — ասել է իտալացի մասնագետը:

Խոսելով Հայաստանի հավաքականի մասին՝ Տրապատոնին նշել է, որ Իռլանդիայի հավաքականի փորձը կարող է իր դերը խաղալ գալիք հանդիպման ժամանակ:

Իռլանդիայի հավաքականի մարզիչը նաև ասել է, որ առայժմ չի որոշել, թե ով՝ Ջոն Օ’Շին, թե Ստիվեն Քելլին, կփոխարինի որակազրկված Սթիվեն Ուորդին ձախ պաշտպանի դիրքում:

Իռլանդիայի հավաքականի կազմ են վերադարձել Անդորրայի հետ խաղում որակազրկված Ռիչարդ Դանը և վնասվածքից ապաքինված Ջոնաթան Ուոլթերսը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը Իռլանդիա է մեկնելու վաղը առավոտյան: