հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում տոնական օրերին վերահսկելու են հրավառությունները

Հայաստանում տոնական օրերին վերահսկելու են հրավառությունները

Առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես նաև վերահսկել դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին այսօր հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ԱԻՆ Պետական հրդեհային տեսչությանը հանձնարարվել է ճշտել և հաշվառել հանրապետության տարածք հրավառություններ և հրագործական այլ արտադրանք ներմուծողների ցանկը, ինչպես նաև պարզել և ուսումնասիրել այդ արտադրանքի պահեստավորման և պահպանման վայրերը։ Պետական հրդեհային տեսչությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ կիրականացնի համատեղ միջոցառումներ` կազմակերպելով այցելություններ հրավառությունների պահպանման վայրեր և դրանք կիրառող օբյեկտներ։ Ձեռնարկվող բոլոր աշխատանքները կիրականացվեն ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։