Գլխավոր / Հայաստան / Հայաստանցի գործարարները չեն ցանկանում օգնել լեյկոզով տառապող երեխային. վիճակն օրեցօր վատանում է

Հայաստանցի գործարարները չեն ցանկանում օգնել լեյկոզով տառապող երեխային. վիճակն օրեցօր վատանում է

Սուր միելոբլաստային լեյկոզով տառապող հնգամյա Անուշիկի օգնության համար  երկուսուկես ամիս առաջ բացված հաշվեհամարին մինչ օրս տասը հազար դոլլար է փոխանցվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Անուշիկի հայրը` Սերգեյ Հայրապետյանը:

«Երեխայի փրկության միակ հնարավորությունն այսօր ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումն է, ինչի համար ոչ բավարար  գումար ունենք, ոչ էլ հույս, թե Հայաստանում ինչ-որ գործարար կամ մեծահարուստ կգտնվի, ով կօգնի երեխայիս բուժումն արտերկրում կազմակերպելու գործում», — ասել է մեր զրուցակիցը:

Երեքուկես տարեկանում Անուշիկի մոտ հայտնաբերված հիվանդությունը անակնկալ է եղել թե ծնողների, թե հարազատների համար:

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժումներ ստանալուց հետո հիվանդությունը նահանջեց, և երեխային տեղափոխեցինք տուն: Պահպանողական փուլի հինգերորդ ամսում հիվանդությունը կրկնվեց, ու մնաց  փրկության միակ միջոցը՝ ոսկրածուծի փոխպատվաստում: Գերմանիայում երեխայի փրկության  երաշխիքը ութսուն տոկոս է և այն դեպքում, եթե հիմա կատարվի վիրահատությունը», — ասել է Սերգեյ Հայրապետյանը:

Նա պատմել է, որ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու մի շարք մեծահարուստների, սական մինչ օրս որևէ արձագանք չի եղել, մինչդեռ, երեխայի հոր հավաստմամբ, երեխայի վիճակն օրեցօր վատանում է:

«Բոլորին դիմել եմ, նամակներ եմ տարել շատերի տները, բայց որևէ մեկը ցանկություն չի հայտնել օգնել կամ գումար փոխանցել: Ամենախոշոր գումարը փոխանցել է մոսկվայաբնակ Գևորգ Հալաբյանը՝ մոտ հազար դոլլար, և «HSBC» բանկը`  վեց հարյուր ութսունչորս հազար դրամ՝ աշխատողների միջև կազմակերպած ակցիայի շրջանակներում: Հայաստանյան «Պոդարի ժիզն» կազմակերպությունը  խոստացել է, որ տասը հազար դոլլար կփոխանցի Անուշիկի հաշվեհամարին, գերմանական մի կազմակերպության  կողմից էլ  նույնքան գումար կփոխանցվի գերմանական այն կլինիկայի հաշվեհամարին, որտեղ կկատարվի երեխայի վիրահատությունը: Փոքր գումարներով օգնություն շատերն են տվել, սակայն բուժման համար մեծ գումարներ են պետք, ինչն այսօր չունենք», — պատմել է Սերգեյ Հայրապետյանը:

Անուշիկի հայրը հավատում է, որ երեխան կարող է փրկվել, միայն թե կարողանա ձեռք բերել անհրաժեշտ գումարը, ինչի հույսը բոլորովին կորցրել է:

«Մինչ օրս թե պետության, թե Առողջապահության նախարարության կողմից որևէ աջակցություն չի եղել: Մեկ տարի յոթ ամիս է, ինչ պառկած ենք հիվանդանոցում, որևէ անգամ անվճար բուժօգնություն երեխան չի ստացել: Վճարում ենք  հիվանդանոցում ստացած բոլոր ծառայությունների համար: Բուժման համար   դեղերը  ստացել ենք Գերմանիայից»,- պատմել է Սերգեյ Հայրապետյանը:

Լուսանկարն ու տեսանյութը` «Չենք լռելու» նախաձեռնության